
«Ծուղա՞կ, թե՞ TRIPP»․ բաց դուռ ԱՄՆ-ի համար՝ ընդլայնելու իր դիվանագիտական և տնտեսական ներկայությունը Հարավային Կովկասում․ միջազգային մամուլի ամփոփում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանում է՝ մի երկիր, որտեղ ԱՄՆ-ի ոչ մի գործող փոխնախագահ կամ նախագահ նախկինում չի այցելել։ Թրամփի վարչակազմը տնտեսական հնարավորություններ է առաջարկում՝ միաժամանակ աշխատելով առաջ մղել ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը, որը նպատակ ունի վերջ դնել Ադրբեջանի հետ տասնամյակներ շարունակվող հակամարտությանը․ գրել է AP News-ը։
Վենսը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնագիր են ստորագրել քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու համար։ Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստան արտահանել առաջադեմ համակարգչային չիպեր և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ներդրումներ կատարել երկրի ենթակառուցվածքներում։
Այցը տեղի է ունեցել օգոստոսին Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Սպիտակ տանը համաձայնագիր նախաստորագրելուց հետո։ Առաջնորդները վերահաստատել են խաղաղության պայմանագիր կնքելու իրենց հանձնառությունը։ Սակայն նրանք դեռ պետք է ստորագրեն պայմանագիրը, իսկ խորհրդարանները՝ վավերացնեն այն։ Վենսը պլանավորում է մեկնել նաև Ադրբեջան, հայտարարել է․ «Խաղաղությունը չեն ստեղծում մարդիկ, ովքեր չափազանց կենտրոնացած են անցյալի վրա։ Խաղաղությունը ստեղծում են մարդիկ, ովքեր կենտրոնացած են ապագայի վրա»։
Գործակալությունը հիշեցրել է, որ երբ 2023 թ-ին Ադրբեջանը Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատեց, նրա 120,000 հայ բնակիչների մեծ մասը փախավ Հայաստան: Վենսի խոսքով՝ Հայաստանի վարչապետը ստացել է իր աջակցությունը առաջիկա ընտրություններում՝ ընդգծելով, որ երկիրն ամենահին քրիստոնյա երկրներից է։
AP News-ը նաև ընդգծել է, որ փոխնախագահին և նրա կնոջը՝ Ուշային, Երևանում դիմավորել են կարմիր գորգով, պատվո պահակախմբով և պաշտոնյաների պատվիրակությամբ։ Ճանապարհին կախված էին հայկական և ամերիկյան դրոշներ, իսկ ճանապարհի եզրին ցուցարարներ կային, այդ թվում՝ «Թրամփը աջակցո՞ւմ է սատանաներին» գրությամբ ցուցանակով։
Deutsche Welle-ն գրել է, որ փոխնախագահ Վենսը կմեկնի Ադրբեջան՝ հետագա հանդիպումների համար։
Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախկին խորհրդային պետությունները, ինչպիսիք են Հայաստանն ու Ադրբեջանը, հեռանում են Ռուսաստանի ազդեցության ոլորտից՝ Մոսկվայի կողմից հարևան Ուկրաինա ներխուժումից հետո։
Սա ԱՄՆ-ի համար բաց է թողել դուռն՝ ընդլայնելու իր դիվանագիտական և տնտեսական ներկայությունը Հարավային Կովկասում։
Օրինակ՝ Հայաստանը սառեցրել է Ռուսաստանի հետ իր անվտանգության պայմանագիրը և փոխարենը ձգտում է խորացնել կապերը Վաշինգտոնի և Եվրամիության հետ։
The Washington Times–ը գրել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մի մասով կստեղծի խոշոր տարանցիկ երթուղի։ «Թրամփի երթուղին» կկառուցվի ԱՄՆ-ի կողմից վերահսկվող կոնսորցիումի կողմից և տարածաշրջանում առևտրային երթուղի կառաջարկի, որը շրջանցում է Ռուսաստանը և Իրանը։
Կայքը հիշեցրել է, որ Վենսն այցելում է Հայաստան Միլանում մի քանի օր անցկացնելուց հետո։ Նա երեքշաբթի կմեկնի Ադրբեջան՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի մյուս կողմի հետ աշխատելու համար։
Տասնամյակներ շարունակ երկրները պայքարել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար, որը մեծապես բնակեցված էր էթնիկ հայերով։
Վերջին տարիներին Ադրբեջանը ռազմական հարձակումներով վտարել է հայերին։ Թրամփի կողմից աջակցվող խաղաղության համաձայնագրում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, մինչդեռ Ադրբեջանը համաձայնել է ճանաչել Հայաստանի ինքնիշխանությունը Սյունիքի մարզի նկատմամբ, որտեղ կկառուցվի TRIPP երթուղին։
Այնուամենայնիվ, որոշ հայեր վախենում են, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարանցիկ նախագծում կազդի Հայաստանի ինքնավարության վրա։ Ցուցարարները հավաքվել էին Վենսի ավտոշարասյան երթուղու երկայնքով՝ հայտարարելով, որ Սյունիքի մարզը «չի վաճառվում»՝ «Ծուղա՞կ, թե՞ TRIPP» գրություններով։
Bloomberg–ը նկատել է, որ անկախությունից ի վեր Հայաստանը հույսը դրել է Մոսկվայի վրա՝ թե՛ էներգետիկ, թե՛ անվտանգային հարցերում: Մեծամորը շահագործվում է Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» ընկերության կողմից, իսկ ատոմակայանի համար միջուկային վառելիքը ներմուծվում է Ռուսաստանից: Վենսի այցից առաջ «Ռոսատոմի» պաշտոնյաները Մոսկվայում հանդիպել են հայ ղեկավարների հետ՝ առաջարկելով այն, ինչ նրանք անվանել են «համապարփակ համագործակցություն» նոր միջուկային հզորությունների շուրջ:
Միջուկային համաձայնագիրն ԱՄՆ-ի ավելի լայն ջանքերի մի մասն է՝ ամրապնդվելու Հարավային Կովկասում, որը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև՝ տարածաշրջանային դաշինքների փոփոխության ֆոնին: Վաշինգտոնը և Երևանը նաև ընդլայնում են պաշտպանական համագործակցությունը:
Իսկ Բաքվում, ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի և Ադրբեջանի պաշտոնյաները կքննարկեն պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը:
Radio Free Europe/ Radio Liberty–ին գրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Հայաստան՝ մեկնարկելով քառօրյա այցը Կովկաս՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրին աջակցելու և ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծմանը նպաստելու համար, որը Վաշինգտոնը համարում է տարածաշրջանում առևտրի, էներգետիկայի և ազդեցության վերաձևավորման կենտրոնական գործոն։
Համաձայնագիրը Միացյալ Նահանգներին վարձակալության իրավունք է տալիս զարգացնել տարանցիկ միջանցքը, որը կանցնի Հայաստանի հարավային տարածքով՝ Իրանի հետ սահմանի երկայնքով։ Միջանցքը, ի վերջո, կներառի երկաթուղային, նավթային և գազային ուղիներ, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք կապահովեն ապրանքների և, ի վերջո, մարդկանց տեղաշարժը։
ԼՂ-ից փախստականների մի խումբ հավաքվել էր Փաշինյանի պաշտոնական նստավայրի դիմաց՝ կոչ անելով Վենսին ճնշում գործադրել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման համար։


