
Ապահովագրության ռիսկերը կառավարելի են, դիմելիությունն աճում է, սահուն կերպով շարունակում ենք ծրագիրը․ Անահիտ Ավանեսյան
Ապահովագրության ռիսկերը կառավարելի են, դիմելիությունն աճում է, սահուն կերպով շարունակում ենք ծրագիրը․ այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ի պատասխան լրագրողի հարցի, որ մարդկանցից օրեր են պահանջվում, մինչև համապատասխան բժշկի մոտ հայտնվելը։
«Ուզում եմ հստակ արձանագրենք, որ 2025-ին պետպատվերի շրջանակում ով կարիք է ունեցել բուժօգնության, ստացել է այդ բուժօգնությունը, որոշ ծառայությունների մասով՝ մինչև մեկ ամիս հերթագրման սկզբունքով։ Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքին՝ արդյոք լա՞վ է, որ մարդն ապահովագրության շրջանակում 3 օրում է ծառայություն ստանում, կարծում եմ՝ սա էլ շատ լավ ցուցանիշ է, որովհետև ամեն ինչ պետք է լինի համեմատական, և պետք է հասկանալ, որ ցանկացած ծառայություն ստանալու ճանապարհը պիտի լինի գրագետ, այո՛, պետք է լինի հարմար, բայց պիտի ընկալենք, որ ժամանակ է տանում»,- ասաց նա։
Նա օրինակ բերեց եվրոպական երկրները, որտեղ մասնագետի հասանելիությունն ապահովագրության շրջանակում ավելի է․ «Այնպես որ 3 օրն իսկապես հիանալի ցուցանիշ է այսօրվա առողջապահական համակարգերի համար»։
Արդյոք առողջության ապահովագրության շրջանակում կունենանք հերթագրման սկզբունքի կիրառում՝ հարցին Ավանեսյանը պատասխանեց․ «Այո, կլինեն ծառայություններ, որ գուցե հերթագրման անցնենք, դեռ առաջին ամսի մեր արդյունքները մեզ լավատեսություն են ներշնչում, որ այդ հերթագրումները չպիտի որ երկար տևեն»։
Նրա խոսքով՝ մարդկանց դիմելիությունն աճում է։
«Համակարգը և ռիսկերը կառավարելի են, մենք ունենք բավական գործիքակազմ ճիշտ այս արձանագրումներն անելու և միջոցներ ձեռնարկելու, և կարծում եմ՝ սահուն կերպով շարունակելու ենք»,-ասաց նա։


