
Խորապես հիասթափեցնող է, պատմության ջնջումն անարգում է զոհերին. Նենսի Փելոսին՝ Վենսի՝ Ցեղասպանության վերաբերյալ գրառումը ջնջելու մասին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի գրառման մեջ ասել է, որ 2022 թվականին Հայաստան այցի ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը «հստակ ու առանց ներողություն խնդրելու» խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Այս գրառմամբ նա անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության մասին գրառումը ջնջելուն։
«Երբ ես 2022 թվականին որպես խոսնակ այցելեցի Հայաստան, մեր պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև ճշմարտությունը կարևոր է», – գրել է Փելոսին։
Նրա խոսքով՝ այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 2019 թվականին ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, իսկ նախագահ Բայդենը «բարոյական առաջնորդություն դրսևորեց՝ պաշտոնապես ճանաչելով այն 2021 թվականին՝ դիրքորոշում, որն ամոթալիորեն չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմը»։
«Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունն ընդունող գրառումը։ Պատմության ջնջումն անարգում է զոհերին և ամենուրեք թուլացնում մարդու իրավունքների նկատմամբ մեր հանձնառությունը», – գրել է Փելոսին։


