
ՀՀ-ն և Ադրբեջանը ունեն բոլոր իրավունքները հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ. Պեսկով
Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, ուստի նրանք ունեն բոլոր իրավունքները հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ. նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Հարավային Կովկաս կատարած այցը։
«Սրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն ինքնիշխան իրավունք՝ կառուցելու իրենց հարաբերությունները տարբեր երկրների հետ»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում։ Մոսկվան մտադիր է շարունակել դա: «Սա ներառում է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն, փոխադարձ ներդրումներ և մշակութային հարաբերություններ: Եվ, իհարկե, մենք մտադիր ենք զարգացնել այս հարաբերությունները մեր գործընկերների հետ այնպես, որ դրանք օգտակար լինեն ոչ միայն մեզ, այլև՝ նրանց համար»,- հավելել է Պեսկովը։
Վենսի այցը Հարավային Կովկաս ավարտվում է այսօր։ Միացյալ Նահանգների անունից նա ստորագրել է ռազմավարական գործընկերության խարտիա Ադրբեջանի հետ։ Իսկ Հայաստանի հետ նա ավարտել է միջուկային էներգիայի և տվյալների կենտրոնների կառուցման ոլորտում համագործակցության վերաբերյալ բանակցությունները։


