
ՀՀ-ում ամերիկյան մեծ ներդրումների հույս ունեն՝ տարածաշրջանի համար մրցակցության թեժացման ֆոնին․ Bloomberg
Հայաստանը պատրաստվում է ամերիկյան ներդրումների ալիքի, որը կարող է գերազանցել 13 միլիարդ դոլարը: Սա երկրի տարեկան տնտեսական արդյունքի գրեթե կեսն է, և կարող է թուլացնել Ռուսաստանից նրա երկարատև կախվածությունը․ գրում է Bloomberg-ը։
«Թվերն ինքնին բավականին նշանակալի են», – նշել է ING Bank-ի տնտեսագետ Դմիտրի Դոլգինը։ Նրա խոսքով՝ «եթե այս նախաձեռնությունները ձեռք բերեն հեղինակություն և ապահովեն երկարաժամկետ կայունության զգացում, դա կարող է մեծացնել Հայաստանի գրավչությունը պորտֆելային հոսքերի, ուղղակի ներդրումների և նույնիսկ դրամական փոխանցումների համար»։
Ինչպես նշվել է, Հայաստանի հետ գործարքները և Վենսի՝ հաջորդ օրը հարևան Ադրբեջան կատարած այցն ընդգծեցին կովկասյան տարածաշրջանում ազդեցության համար աշխարհաքաղաքական մրցակցության սրացումը, որը Չինաստանը Կենտրոնական Ասիայի միջոցով Եվրոպային կապող կարևոր առևտրային և էներգետիկ միջանցք է և տասնամյակներ շարունակ գտնվել է Մոսկվայի «բակում»։
Թուրքիան, որը պաշտպանական պայմանագիր ունի Ադրբեջանի հետ, քայլեր է ձեռնարկում 1993 թվականից ի վեր փակված Հայաստանի հետ սահմանը բացելու և Խորհրդային Միության փլուզումից ի վեր առաջին անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Եվրամիությունը ևս ամրապնդում է կապերը Հայաստանի հետ, որը հայտարարել է ԵՄ անդամակցությանը ձգտելու ծրագրերի մասին, նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանի գլխավորած մաքսային դաշինքի մաս է:
Ըստ Bloomberg-ի տվյալների՝ 2031 թվականին մարվող Հայաստանի դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը հինգշաբթի նվազել է 4 բազային կետով՝ հասնելով մոտ 3 ամսվա ընթացքում իր ամենացածր մակարդակին։
Միջուկային համագործակցության համաձայնագիրն իրավական շրջանակ է ստեղծում ամերիկյան ընկերությունների համար՝ Հայաստան արտահանելու ատոմային տեխնոլոգիաներ և մրցելու խորհրդային դարաշրջանի Մեծամորի ատոմակայանը փոխարինելու համար, որը մատակարարում է մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։
Ներդրումային հայտարարությունները խթան են Նիկոլ Փաշինյանի համար հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նա մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում պետք է հյուրընկալի տասնյակ քաղաքական առաջնորդների։
«Երբ ընկերությունները որոշում են միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում, դա գաղափարներ է տալիս նաև ուրիշներին։ Շատերը գիտեին Հայաստանը, բայց չէին մտածում այս չափի ներդրումների մասին »,- նշել է Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։


