13 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքն այլոց հանձնելու այլընտրանքն օրակարգային է դարձել․ Վարդան Օսկանյան

ՀՀ գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքն այլոց հանձնելու այլընտրանքն օրակարգային է դարձել․ Վարդան Օսկանյան

Չգիտեմ, այն անհավանական արտահայտությունը, որ օրերս հնչեց Նիկոլ Փաշինյանի բերանից, միայն ի՞մ ականջն է ծակել. գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Փաշինյանն ասում է. «Աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ Հայաստանը 99 տարի որպես ինքնիշխան, անկախ պետություն գոյություն է ունենալու»։ Ինչ ասեմ։ Նախ՝ նման «երաշխիք» իրեն ոչ ոք չի տվել։ Դա իր երևակայության արգասիքն է։

Բայց անկախ նրանից՝ Փաշինյանը ինչ է հասկացել, այս հայտարարությունն ապացույցն է Հայաստանի ցավալի ու խղճուկ կարգավիճակի, որին մեզ հասցրել է այս իշխանությունը։ Այս հայտարարությունը նաեւ մատնում է օր ու գիշեր խաղաղության ու ինքնիշխանության մասին խոսացող Փաշինյանի իրական մտքերը. ենթագիտակցությունն ընդունում է ու իրենից անկախ բարձրաձայն հայտարարում, որ իրականում իրենք Հայաստանը հասցրել են այն վիճակի, որ կասկածի տակ է նույնիսկ Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն, եւ ինչ-որ երրորդ կողմ պետք է «ասի», որ Հայաստանն ինչ-որ ժամկետով կարող է գոյություն ունենալ։ Ի՞նչ է սա, եթե ոչ խղճալի վիճակ։

Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում՝ ընթացիկ, հետո՝ սառեցված կոնֆլիկի պայմաններում, Հայաստանի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի, կամ առեւտրի առարկա չի եղել։ Քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը։

Հայաստանի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքն այլոց հանձնելու այլընտրանքն օրակարգային է դարձել Փաշինյանի բերած «խաղաղության» արդյունքում։ Ընդ որում՝ այդ գոյության իրավունքն էլ ժամկետով է։ Ու սա ներկայացվոմ է որպես ձեռքբերում։ Փաստորեն կարող էր ավելի վատ լինել․ ենթադրենք 50 տարվա գոյության խոստման դիմաց զիջեինք Սյունիքի միջանցքը։ Կամ միգուցե եւս մի 20 տարի ավելանա մեր երկրի «գոյության հնարավորությանը»՝ մի կտոր էլ Տավուշից զիջելու հաշվին։

Դիվանագիտական ու քաղաքական ֆիասկոներն այլեւս չեն զարմացնում։ Անկեղծորեն զարմացնում է այս բարձրաձայն խոստովանությունը, որ խաղաղություն իրականում չկա, կա վտանգ, որ Հայաստանը կարող է գոյություն չունենալ։

Եվ դա, անկախ իրականում չտրված որեւէ երրորդ կողմի խոստման, այս իշխանության չգնալու պարագայում շատ շոշափելի վտանգ է։ Այնքան շոշափելի, որ նույնիսկ իրենք են խոստովանում»,- ասված է գրառման մեջ։

Ռազմագերիներ