
Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի քահանայից դասը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից հակասահմանադրական և շինծու քայլերը
Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի քահանայից դասը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից հակասահմանադրական և շինծու քայլերը, որով բացահայտ միջամտություն է իրականացվում Եկեղեցու ներքին կյանքին և խաթարում բնականոն ընթացքը։
«ՀՀ վարչապետի ուղիղ հրահանգով դատախազության կողմից մտացածին և անհեթեթ տրամաբանությամբ քրեական վարույթ է հարուցվել Հայոց Հայրապետին վերապահված տնօրինություններ կայացնելու և Եկեղեցին հովվապետելու կանոնական իրավունքը գործադրելու առնչությամբ։
Արգելափակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսի ելքը ՀՀ-ից, որով ակնհայտ փորձ է արվում խափանել առաջիկայում նախատեսված եպիսկոպոսաց ժողովի գումարումը։
Ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը, Եկեղեցի֊պետություն կարգավորող բոլոր օրենքները, իսկ նպատակը մեկն է՝ ԵԿԵՂԵՑԻՆ ևս հնազանդեցնել իրենց ամոթալի և հակաազգային ծրագրերին։
Այս օրը հայոց օրացույցում դարձավ ԱԶԳԱՅԻՆ ԱՄՈԹԻ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ։
Բոլոր այն անձինք, որոնք դավադիր հոգով, պառակտիչ մտքով, հակահայ ընթացքով այսօրը ներկեցին սևով, պիտի մինչև յոթ սերունդ նզովյալ լինեն։
Ավետարանն ասում է «Գայթակղություններ գալու են, բայց վայ նրան ում ձեռքով կգան․․․», այս խոսքերն ասված են նենգ ու վախկոտ նախկին բարձրաստիճան եկեղեցականին, ով ուխտադրուժ և անհնազանդ ընթացքով, անհաշիվ զրպարտությամբ, օրվա հայատյաց իշխանությունների համար եղավ գայթակղություն միջամուխ լինելու ներեկեղեցական հարցերին և Եկեղեցին հպատակեցնելու իրենց ստոր և կեղծ օրակարգին։
Կոչ ենք անում աշխարհասփյուռ մեր հոգևոր եղբայրներին և համայն հայ քրիստոնյաներին չլռել և դատապարտել մեր Սուրբ Եկեղեցու դեմ մղվող այս հակաքրիստոնեական արշավը։
«Եվ սրանք պատերազմելու են Գառան դեմ, և Գառը նրանց հաղթելու է, քանի որ նա Տերն է տերերի և Թագավորը թագավորների․ և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ և հավատարիմներ» (Հայտ․ 17․ 14)»,- ասված է հայտարարության մեջ։


