20 Փտր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ ի՞նչ է ներկայացվել, և ի՞նչ է կատարվել իրականում․ «Взгляд»

Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ ի՞նչ է ներկայացվել, և ի՞նչ է կատարվել իրականում․ «Взгляд»

Ամերիկացիները պրոֆեսիոնալ են ցանկալին իրականություն ներկայացնելու հարցում: Այս տաղանդը կրկին ցուցադրվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան ու Ադրբեջան այցի ժամանակ․ գրում է «Взгляд» թերթը։

Անիմաստ է ժխտել, որ Վենսի այցը նշանավորում է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության փոփոխություն և Մոսկվայից, Թեհրանից և Անկարայից նախաձեռնությունը խլելու փորձ: ՀՀ իշխող վերնախավը վաղուց գտել է պարզ, բայց հարմար միջոց՝ հանրությանը բացատրելու սեփական ձախողումներն ու բացթողումները՝ մեջբերելով նախորդ վարչակազմերի՝ Ռուսաստանի նկատմամբ կողմնորոշումը:

Վենսի գլխավոր հաջողությունը Հայաստանում համարվում է վարչապետ Փաշինյանի հետ, այսպես կոչված, «123 համաձայնագրի» ստորագրումը՝ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթը երաշխավորում է ամերիկյան ընկերությունների համար հնարավորություններ Հայաստանի միջուկային էներգիայի շուկայում: Այժմ նրանք կկարողանան հանրապետությանը մատակարարել փոքր մոդուլային ռեակտորներ, որոնք նախատեսված են Մեծամորի ատոմակայանը փոխարինելու համար: Սակայն ամերիկացիները նախընտրում են լռել այն մասին, որ աշխարհի գրեթե ոչ մի այլ երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չունի այս ռեակտորների շահագործման փորձ։ Այլ կերպ ասած՝ փաստաթղթում Հայաստանին տեխնոլոգիաների, վառելիքի և ծառայությունների վաճառքի մասին ընդհանուր ձևակերպումը թաքցնում է մարդածին աղետի ռիսկը։

Վենսը հայտարարել է, որ գործարքը նախատեսում է մինչև 9 միլիարդ դոլարի ներդրումներ Երևանի համար՝ պայմանով, որ այն նվազագույնի հասցնի Ռուսաստանի հետ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը։ Սակայն կա մի խնդիր. միջոցները կտրամադրվեն բացառապես վարկի տեսքով, և գումարի մեծ մասը կրկին կուղղվի ամերիկյան և միջազգային կորպորացիաներին։

Ինչ վերաբերում է American Shield AI MQ-35A V-BAT ուղղահայաց թռիչքի և վայրէջքի անօդաչու թռչող սարքերի 11 միլիոն դոլարով վաճառքին, ապա դրանք որևէ ազդեցություն չեն ունենա Ադրբեջանի հետ իրական բախման դեպքում։ Երեք մետրանոց V-BAT-ը հեշտ թիրախ է ժամանակակից ՀՕՊ համակարգերի համար: Պատահական չէ, որ Պենտագոնը չի շտապում զանգվածաբար պատվիրել այս ինքնաթիռը։

Սակայն Վենսի այցը Երևան լրացուցիչ սիմվոլիզմ ձեռք բերեց դիվանագիտական սկանդալի պատճառով, որը շատ բան բացահայտեց Սպիտակ տան ներկայիս առաջնահերթությունների մասին Հարավային Կովկասում: Վենսի և նրա կնոջ՝ Ուշայի լուսանկարով գրառումը, որոնք ծաղկեպսակ էին դնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ջնջվեց բառացիորեն մեկ ժամ անց․ ցավակցությունները պետք է արտահայտվեն զգուշորեն, որպեսզի չվիրավորեն թուրք գործընկերներին: Ի վերջո, նրանցից շատ բան է կախված Արևելյան Միջերկրական ծովում, Աֆրիկայում և, վերջապես, ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդության գործում: Իսկ ի՞նչ կլինի, եթե հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների այդքան սպասված կարգավորումը խափանվի: Այդ դեպքում Թրամփն այլևս չի կարողանա պարծենալ «ութ պատերազմների» ավարտով։ Այո՛,  PR-ի տեսանկյունից Սպիտակ տան մտահոգությունների տրամաբանությունը պարզ է։ Սակայն, թե ինչպես է Վաշինգտոնն այս մոտեցմամբ պատկերացնում տարածաշրջանում ուժերի նոր «հավասարակշռություն», որը կլինի լուրջ և երկարատև, մնում է առեղծված։

Ռազմագերիներ