
Ալիևը դիտավորյալ ցուցադրում է դաժանություն և վրեժ է լուծում Ղարաբաղյան առաջին պատերազմում պարտության համար․ Deutsche Welle
Բաքվի ռազմական դատարանը Լեռնային Ղարաբաղի 15 նախկին ղեկավարների դատապարտել է ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման: Գերմանացի փորձագետը DW-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչպես կարող է Եվրոպան արձագանքել այս դատավճիռներին:
«Միջազգային մակարդակով տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ ո՛չ իրավական, ո՛չ էլ աշխարհաքաղաքական կոնսենսուս չկար: Արդյունքում՝ մինչև 2020 թվականը բոլորը հաշտվել էին ստատուս քվոյի հետ»,- DW-ի հետ զրույցում բացատրել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) վերլուծաբան Ստեֆան Մայստերը:
Եվրոպական երկրների մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բաժանված էին․ բացատրում է Մայստերը: Ազգային շահերը զգալի դեր են խաղացել: Որոշ երկրներ ռեսուրսներ են ստացել Ադրբեջանից և, հետևաբար, հակված են եղել Բաքվի դիրքորոշմանը, մինչդեռ մյուսները, որտեղ բնակվում է մեծ հայկական սփյուռք, աջակցել են ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքին:
Ադրբեջանի կողմից տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Եվրամիությունը դատապարտել է հայ բնակչության փաստացի վտարումը: Սակայն, ըստ Ստեֆան Մայստերի, ԵՄ անդամ պետությունները չեն կարողացել համաձայնության գալ Բաքվի դեմ պատժամիջոցների հարցում:
«Ղարաբաղի օրինակը ցույց է տալիս, որ նույն արժեքները կիսող արևմտյան երկրների համայնքն այլևս գոյություն չունի»,- կարծում է DGAP վերլուծաբանը: Բաքուն վերահսկողություն է հաստատել տարածաշրջանի նկատմամբ, և միջազգային հանրությունը դա ընդունել է որպես կատարված փաստ:
Մայստերը կարծում է, որ չճանաչված հանրապետության նախկին ղեկավարների ցուցադրական դատավարություններ անցկացնելով՝ Ալիևը դիտավորյալ ցուցադրում է դաժանություն և «վրեժ է լուծում Ղարաբաղյան առաջին պատերազմում պարտության համար»: Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը կարող է իրեն թույլ տալ նման խիստ դատավճիռներ, քանի որ նրան չի հետաքրքրում միջազգային քննադատությունը:
Բաքվի գործողությունները հակամարտությունների ավտորիտար կարգավորման օրինակ են:
«Ղարաբաղն այլևս դեր չի խաղում եվրոպական և միջազգային քաղաքականության մեջ: Ադրբեջանը գազի և նավթի կարևոր մատակարար է Եվրոպային, այդ իսկ պատճառով ԵՄ բոլոր պետությունները խուսափում են Բաքվին քննադատելուց», – նշել է վերլուծաբանը՝ բացատրելով չճանաչված հանրապետության նախկին ղեկավարության դատավճիռների նկատմամբ միջազգային արձագանքի բացակայությունը:
Երկար ժամանակ Միացյալ Նահանգները եղել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հիմնական քննադատներից մեկը: Սակայն Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն այժմ կարգավորվել են, և գործարար շահերը՝ ռեսուրսների և առևտրային ուղիների վրա շեշտադրմամբ, փոխարինել են ժողովրդավարական հարցերին։
«Միջազգային հարաբերությունների նոր համակարգում ուժի գործոնը դառնում է որոշիչ»,- եզրակացնում է վերլուծաբանը։


