20 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն Բաքվի ու Երևանի համար դառնում է ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության նշանակալի այլընտրանք․ Fitch Solutions

ԱՄՆ-ն Բաքվի ու Երևանի համար դառնում է ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության նշանակալի այլընտրանք․ Fitch Solutions

ԱՄՆ-ի նախաձեռնած TRIPP նախագիծը գրավել է ներդրողների ուշադրությունը․ նշվում է Fitch Solutions միջազգային վերլուծական ընկերության կանխատեսման մեջ։

Կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մտել է իրականացման նախնական փուլ, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի աշխարհառազմավարական ներկայության աճը մեծացրել է նոր տարանցիկ նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը։ TRIPP-ը, որ Հայաստանի միջոցով կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, կարող է զգալիորեն փոխել տարածաշրջանի լոգիստիկ լանդշաֆտը։

Զեկույցում նշվում է, որ նախագծի մեծ մասը կկառավարվի ամերիկյան կապիտալով կառույցների կողմից, միևնույն ժամանակ՝ կստեղծվի համատեղ ձեռնարկություն՝ վճարովի տարանցիկ գոտի մշակելու համար։

Ըստ կազմակերպության՝ տարածաշրջանում ներդրումային ակտիվության աճը կարող է նպաստել ինչպես տնտեսական դինամիկայի, այնպես էլ աշխարհաքաղաքական հավասարակշռության վերաձևավորմանը։

ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի և Հայաստանի համագործակցության խորացման ջանքերը կշարունակվեն ամբողջ ուժով 2026 թվականին՝ թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական առումով։

Ըստ զեկույցի՝ Միացյալ Նահանգները Բաքվի և Երևանի համար դառնում է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության նշանակալի այլընտրանք։

2026 թվականի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է տարածաշրջան՝ վերահաստատելով իր աջակցությունը Բաքվի ու Երևանի հետ ռազմավարական գործընկերությանը։

«Այցի ընթացքում նշվեցին համագործակցության լրացուցիչ ոլորտներ՝ կարևորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացում, տրանսպորտային և մաքսային ենթակառուցվածքների արդիականացում, առաջադեմ տեխնոլոգիաների արտահանում։ ԱՄՆ-ն նաև կօգնի Հայաստանին Մեծամորի ատոմակայանը փոխարինել ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներով՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։

Ադրբեջանում համաձայնագրերը վերաբերում են էներգետիկ անվտանգությանը, ծովային ենթակառուցվածքներին և լոգիստիկային, ինչը պետք է է՛լ ավելի ամրապնդի նրա դիրքերը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ հանգույց», – ընդգծում է Fitch Solutions-ը։

Ռազմագերիներ