
Մոսկվայի ու Թեհրանի ազդեցության թուլացման ֆոնին ԱՄՆ-ն ու Չինաստանը մեծացնում են իրենց դերը Հարավային Կովկասում․ НГ
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ: Նրանք պլանավորում են ընդունել փախստականներին և կոչ են անում հակառակորդներին գտնել հակամարտության դիվանագիտական լուծում: Միևնույն ժամանակ՝ Հարավային Կովկասը պատրաստվում է վատագույնին, քանի որ Իրանը տարածաշրջանի հիմնական խաղացողներից է, և նրա ճակատագիրն անխուսափելիորեն կազդի տարածաշրջանի վրա․ գրում է Независимая Газета-ն։
Կայքի հետ զրուցած փորձագետները վստահ են, որ Թեհրանի վրա հարձակումը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում զգալի փոփոխությունների: Վերջին մի քանի դարերի ընթացքում տարածաշրջանում գերիշխող դիրք են ունեցել 3 տերություն՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: Բայց ամեն ինչ իր ավարտն ունի:
«Այժմ Թուրքիան մեծացնում է իր ազդեցությունը՝ համագործակցելով Ադրբեջանի հետ և փորձելով եռակի դաշինք կազմել Վրաստանի հետ։ Մինչդեռ Մոսկվայի և Թեհրանի ազդեցության թուլացման ֆոնին՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը մեծացնում են իրենց դերը Հարավային Կովկասում։ Միևնույն ժամանակ, Պեկինը կենտրոնանում է ներդրումների և առևտրի վրա, մինչդեռ Վաշինգտոնը հենվում է ռազմաքաղաքական մեթոդների վրա», – նշել է կովկասյան հարցերով փորձագետ Վադիմ Մուխանովը։
Նրա խոսքով՝ Իրանին ուղղված հարվածներն ավելի են բարդացնում նրա դիրքը Հարավային Կովկասում, բայց դժվար է ասել, թե որքանով։ Ամեն ինչ կախված կլինի պատերազմի տևողությունից և արդյունքից։
«Եթե ԱՄՆ հարվածները տևեն մի քանի օր, Իրանի համար ոչ մի լուրջ բան չի լինի։ Բայց եթե դրանք ձգձգվեն և հաջորդեն ցամաքային գործողությունները, հետևանքները կարող են աղետալի լինել։ Եվ սա ուղղակիորեն կազդի Հարավային Կովկասի վրա։ Առաջին հերթին՝ Հայաստանն ու Ադրբեջանը կբախվեն փախստականների հոսքի։ Պատահական չէ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում շատ իրանցիներ անշարժ գույք են գնում այս երկրներում: Հնարավոր է նաև, որ Իրանը հարվածներ հասցնի Ադրբեջանին, եթե կասկածի, որ իր հարևանն օգնում է ԱՄՆ-ին: Թեհրանը կենսականորեն կարևոր է Երևանի համար, քանի որ այն թույլ է տալիս Հայաստանին շրջանցել Թուրքիայի և Ադրբեջանի սահմանած տնտեսական շրջափակումը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն անուղղակիորեն կտուժի, քանի որ կախված է Բաքվից»,- նշել է Մուխանովը։
Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը նշել է, որ սահմանային լարվածությունը մտահոգիչ է Բաքվի համար, բայց այն ոչ մի կերպ ներգրավված չէ հակամարտության մեջ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանում չկան ԱՄՆ կամ Իսրայելի ռազմական բազաներ։
Մեկնաբանելով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակը՝ փորձագետը նշել է, որ այն վաղուց սկսել է փոխվել: Նրա խոսքով՝ Ռուսաստանը սկզբում կորցրեց իր ազդեցության մի մասը Հայաստանում և դժվար հարաբերությունների մեջ մտավ Ադրբեջանի հետ, իսկ հիմա Իրանը կկորցնի իր դիրքերը։
«Այս ֆոնին՝ ԱՄՆ-ն վերադառնում է Հարավային Կովկաս։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու հստակ ցույց է տալիս դա։ Ավելին՝ Թուրքիան ամրապնդում է իր դաշինքն Ադրբեջանի հետ, և այն նաև սկսել է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշել է Շաֆիևը։
Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Իրանի պարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմում Հայաստանին կդնի չափազանց դժվարին իրավիճակում։
«Մինչ օրս Թեհրանը չափազանց կարևոր հավասարակշռող դեր է խաղացել Հարավային Կովկասում։ Մասնավորապես, այն զսպել է Ադրբեջանին։ Մեծ հարց է, թե ինչպե՞ս կարձագանքի Թեհրանը, եթե Բաքուն նոր պատերազմ սկսի, բայց ադրբեջանցիները ստիպված էին լսել նույնիսկ նրա նախազգուշացումները։ Եթե Իրանը պարտվի ԱՄՆ-ին, այն ամբողջությամբ կլանված կլինի իր ներքին խնդիրներով, և միջնորդության մասին խոսք անգամ չի լինի»,- նշել է Միքայելյանը։


