
Գործը՝ գործ, բայց ճաշի ժամը պետք է պահել. BBC-ն անդրադարձել է Փաշինյանի կարկանդակ ուտելուն
BBC-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ նա և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավտոբուսում կարկանդակ են ուտում։
«Գործը՝ գործ, բայց ճաշի ժամը պետք է պահել», – գրում է լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետի և խորհրդարանի խոսնակի կարկանդակ ուտելու տեսանյութն Instagram-ում ավելի քան 2.9 միլիոն դիտում է հավաքել։
Լրատվականը նաև տեղադրել է տեսանյութի վերաբերյալ սոցցանցի օգտատերերի արձագանքները։ Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․
- Աշխարհում անվերջ կարելի է նայել 3 բանի՝ ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրը, և ինչպես է ավտոբուսում կարկանդակ ուտում Հայաստանի վարչապետը։
- Ժամադրության գաղափար ունեմ՝ դու, ես, Փաշինյանն ու կարկանդակը։
- Մինչ աշխարհը կենտրոնացած է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վրա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսախցիկի առաջ կարկանդակներ ուտելով անմիջապես մեմ դարձավ։
«Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը, կարկանդակներից բացի, նաև եգիպտացորեն են կերել, բայց դա արդեն հաջորդ օրը», – գրում է BBC-ն։


