
Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին
ABC Media-ն այսօր ահազանգեր էր ստացել Կապանից. ասում էին` քաղաքում լսվում են կրակոցների, այդ թվում` հրետանու հարվածների ձայներ։
Ուշադրություն` չէինք ասել, որ կրակոցները Կապանում են, քաղաքում են կրակում կամ հրետանի գործածում։ Նշել էինք, որ դրանք հարևան երկրներում ընթացող մարտերի ձայներն են։
Տեղեկությունը հաստատել էին ինչպես Կապանի մի քանի բնակիչներ, այնպես էլ ծնունդով Կապանից պատգամավոր Աննա Գրիգորյանը, նաև` քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Վերջինս նշել էր, որ կրակոցների ձայները Իրանի տարածքից են լսվում, Աննա Գրիգորյանը նշել էր` հավանաբար Նախիջևանից, իսկ բնակիչները Զանգելանի հատվածից էին ձայներ լսել։
Փորձել էինք պարզաբանում ստանալ նաև ՀՀ ՊՆ-ից. չէին պատասխանել։ Ավելի ուշ հերքեցին տեղեկությունը, բայց այնպիսի տեղեկություն, որն ի սկզբանե չէր էլ եղել։ ABC Media-ն չէր նշել, որ Կապանում են կրակում, ասել էինք` Կապանում լսելի են/լսվում են ձայները…
Կրկնում ենք` այս տեղեկությունը հաստատել է նաև Կապանի քաղաքապետը։
«Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում»,- ասել են ՊՆ-ից:
Պաշտպանական գերատեսչության այս հաղորդագրությունը մանիպուլյացիայի դասական օրինակ է. հերքել գոյություն չունեցող տեղեկությունը։

