
Հայ զբոսաշրջիկները մնացել են Թաիլանդում. ԱԳՆ-ն չի պատասխանում
Հայ զբոսաշրջիկների խումբը, որը պետք է Թաիլանդից Հայաստան վերադառնար մարտի 7-ին, մնացել է Թաիլանդում, քանի որ ավիաընկերությունը մինչև մարտի 23-ը չեղարկել է բոլոր թռիչքները դեպի Երևան. տեղեկանում ենք Արփի Բեքարյանի ֆեյսբուքյան գրառումից:
Օգտատերը նշում է, որ դեռևս մարտի 3-ին` մինչև թռիչքների չեղարկվելը, իրավիճակը տեսնելով, ԱԳՆ-ի թեժ գծին և ԱԳՆ մամուլի խոսնակին նամակ են ուղարկել, որին մինչ օրս պատասխան չեն ստացել։
Զբոսաշրջիկները 15 հոգի են, որոնցից 4-ը մինչև 6 տարեկան երեխաներ են: Ըստ օգտատիրոջ՝ արդեն մի քանի օր է, ինչ փորձում են տարբերակներ գտնել հայրենիք վերադառնալու համար։ Նա նշում է, որ տոմսերն ու հյուրանոցը նախօրոք, ամիսներ առաջ են ամրագրել. օրինակ՝ մեկ տարվա ընթացքում հավաքած միջոցներով ձեռք բերած Երևան-Թաիլանդ տոմսն արժեցել է ընդամենը 150 դոլար, իսկ տասնօրյա հանգիստն ու նախաճաշը ներառող հյուրանոցը՝ 550 դոլար՝ մեկ անձի համար։
Օգտատերն ընդգծում է, որ իրենց պլանավորած հանգիստն ամբողջությամբ կառուցված է եղել մատչելի ու մտածված ձևով, և այժմ անսպասելի չեղարկումներն ու թանկարժեք այլընտրանքային թռիչքները՝ 1000-2000 դոլար, սահուն վերադարձը դարձնում են գրեթե անհնարին։
Գրառման մեջ նշվում է, որ իրենց տեղեկություններով՝ այս պահին Թաիլանդում ՀՀ մոտ 60 քաղաքացի կա: ՀՀ ԱԳՆ-ն քաղաքացիների հետ կապի մեջ չէ և չի արձագանքում։
Զբոսաշրջիկների պատկերացմամբ՝ ՀՀ հասնելը կարող է կազմակերպվել պետության միջնորդությամբ՝ բոլոր քաղաքացիներին Ասիայի մեկ քաղաքում հավաքելով և ՀՀ տարհանելով։


