
Փետրվարին ՀՀ-ն մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վրա. Sputnik Արմենիա
Ադրբեջանի հետ իրականացվող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում փետրվարին հանդիպում կազմակերպելու վրա Հայաստանը մոտ 14,5 միլիոն դրամ է ծախսել։ Այս մասին հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ինչպես հայտնի է, Հայաստանում փետրվարի 13-14-ը անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
«Փետրվարի 13-ին և 14-ին կայացած Ադրբեջանի հետ իրականացվող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ֆինանսավորումն իրականացվել է պետական միջոցների հաշվին: Ֆինանսավորումը կազմում է մոտ 14469000 դրամ»,- նշված է Անվտանգության խորհրդի գրավոր պատասխանում։
Նշենք, որ մենք խնդրել էինք ԱԽ գրասենյակին տրամադրել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում անցկացված բոլոր միջոցառումների ընդհանուր արժեքը, սակայն մեզ տրամադրվել է միայն փետրվարին կայացած միջոցառման արժեքը։


