
Նավթի արդյունահանման երբևէ ամենամեծ խափանումը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին
Համաշխարհային նավթի արդյունահանման հետ կապված լուրջ խափանումների պատճառով նավթի գինը երկուշաբթի շուրջ չորս տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 100 դոլարը․ գրում է CNN-ը։
Նշվում է, որ Իրանի հետ հակամարտության պատճառով նավթի գինը կարող է էլ ավելի բարձրանալ։
Մերձավոր Արևելքում պատերազմը ազդել է գների վրա երկու հիմնական պատճառով՝ Հորմուզի նեղուցի գրեթե ամբողջական փակումը և Մերձավոր Արևելքում նավթի արդյունահանման գործընթացի դանդաղումը։
Հորմուզի նեղուցը նեղ ջրային ճանապարհ է, որով տեղափոխվում է համաշխարհային նավթի 20%-ը։ Հակամարտության պատճառով Իրանը սպառնացել է թիրախավորել նեղուցով անցնող տանկերները։ Դա հանգեցրել է տարածաշրջանում նավթի տեղափոխման և մատակարարման դադարեցման:
Rapidan Energy Group-ի տվյալների համաձայն՝ մատակարարումների խափանման ծավալը կրկնակի մեծ է պատմության մեջ գրանցված ամենամեծ նավթային խափանումից, որը տեղի է ունեցել Սուեզի ճգնաժամի ժամանակ։
Նավթի գնի կտրուկ աճին զուգահեռ բարձրացել է նաև բենզինի գինը։ ԱՄՆ-ում բենզինի գինը մեկ շաբաթում բարձրացել է մոտ 50 ցենտով՝ հասնելով մեկ գալոնի համար 3.48 դոլարի, ինչն ավելի բարձր է, քան երբևէ եղել է նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության երկու ժամկետների ընթացքում։


