
Վարդան Օսկանյանն անդրադարձել է Փաշինյանի՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթին
Բոլոր նրանց, ովքեր դեռ կասկած ունեն, որ թե՛ պատերազմից, թե՛ հետպատերազմական արհավիրքներից, Արցախի հայաթափումից, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայից և Ադրբեջանի բոլոր պայմաններին հնազանդորեն համաձայնելուց կարելի էր խուսափել, եթե պետության ղեկին կանգնած մարդը որևէ պատկերացում ունենար, թե ինչ բան է դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և ինչ արժեք ունի խոսքը, պարզապես խորհուրդ եմ տալիս լսել Փաշինյանի ելույթի միայն մեկ հատվածը. գրել է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
«Մարդը գնացել է Եվրոպական խորհրդարանի ամբիոնից և պատմում է, թե Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները խախտել են ինչ-որ իրեն հայտնի հոգևոր կանոններ, ազդեցության գործակալներ են և ուզում են խանգարել իր «խաղաղությանը»։
Եթե չեք պատկերացնում, թե ինչ անհեթեթ, լավագույն դեպքում՝ ծիծաղելի, իսկ վատագույն դեպքում՝ արգահատելի տպավորություն կարող է թողնել նման ելույթը դահլիճում նստածների վրա, ես դա բառերով չեմ կարողանա նկարագրել։
Իսկ եթե պատկերացնում եք, ապա նաև դժվար չէ հասկանալ, որ մարդը 2018-ից ի վեր ո՛չ արցախյան բանակցային գործընթացում, ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ դրա ընթացքում, ո՛չ դրանից հետո, և ո՛չ էլ մինչև այսօր, հենց այսպես էլ չի հասկացել, թե որտեղ ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել, ինչ են քեզանից ակնկալում, ինչը որևէ մեկին չի հետաքրքրում, և ինչն է մատնում քո թուլությունը, տգիտությունը, վախերը և պարզ տկարամտությունը։
Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել այս վիճակում՝ հարցի պատասխանը հենց այս պարզ իրականության մեջ է»,- գրել է նա։


