
ԵԽ պատգամավորները դիմել են Կայա Կալլասին՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներից բաղկացած խումբը, որոնք ներկայացնում են հիմնական քաղաքական ուժերը, պաշտոնական նամակ է հղել Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասին՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականության հիմնարար «վերագնահատում»․ գրում է asbarez.com-ը։
Նախաձեռնության հեղինակը Մարի Տուսենն է, որը մյուս պատգամավորների հետ բարձրացնում է մի շարք մտահոգիչ հարցեր, այդ թվում՝ վերջերս արցախցի առաջնորդներին երկարատև կամ ցմահ ազատազրկման դատապարտելը և փաստաթղթավորված ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանն օգնել է Ռուսաստանին շրջանցել ԵՄ պատժամիջոցները։
«Շարունակական ներգրավվածությունն առանց իմաստալից պայմանականության սպառնում է խաթարել Եվրոպական միության հեղինակությունը»,- զգուշացրել են ստորագրողները։
Եվրոպացի օրենսդիրների պահանջի կենտրոնական թեման 2023 թվականին Արցախի դեմ ռազմական հարձակումից հետո չլուծված մարդասիրական ճգնաժամն է։ Նամակում բացահայտորեն դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների շարունակական ժխտումը՝ նշելով, որ ներկայում չկա նրանց վերադարձի իրավունքի համար հուսալի հիմք, ինչպես նաև տեղահանվածների համար տնտեսական փոխհատուցման որևէ գործուն մեխանիզմ։
«ԵՄ-ն չի կարող լռել, քանի դեռ ջնջվում են ամբողջ բնակչության հիմնարար իրավունքները», – նշել են ստորագրողները՝ հավելելով, որ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովն արդեն ընդգծել է տեղահանված անձանց կարգավիճակի և քաղբանտարկյալների ազատ արձակման անհապաղ անհրաժեշտությունը։
Եվրախորհրդարանի անդամները կոչ են արել ձեռնարկել 5 անհապաղ գործողություն՝
- մարդու իրավունքների վերանայում. ԵՄ-Ադրբեջան գործընկերության և համագործակցության համաձայնագրի համապարփակ աուդիտ,
- նպատակային պատժամիջոցներ. ԵՄ-ի գլոբալ մարդու իրավունքների պատժամիջոցների ռեժիմի ակտիվացում կամայական կալանավորումների համար պատասխանատու անձանց նկատմամբ,
- բարձր մակարդակի երկխոսություն. տեղահանված հայերի իրավունքներին անդրադառնալու և քաղբանտարկյալների ազատ արձակման համար շտապ գագաթնաժողով,
- էներգետիկ ոլորտի կասեցում. էներգետիկ համագործակցության ընդլայնված գործընթացների սառեցում, մինչև Ադրբեջանը չցուցաբերի մարդու իրավունքների և պատժամիջոցների պահպանման հարցում զգալի առաջընթաց,
- շրջանառության դեմ պայքարի միջոցառումներ. սահմանափակող միջոցառումներ ռուսական նավթի արտահանմանը նպաստող կազմակերպությունների, այդ թվում՝ պետական SOCAR-ի դեմ։
Նամակը նաև ընդգծում է անցյալ ամիս Արցախի առաջնորդներ Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատապարտումը՝ որպես միջազգային մարդասիրական նորմերի խախտում։
Եվրոպացի օրենսդիրները եզրակացրել են, որ 2025 թվականի վերջին խորհրդարանում ձևավորված քաղաքական աջակցությունը Կալլասին տալիս է «հստակ քաղաքական մանդատ»՝ անցնելու հռետորաբանությունից այն կողմ և սկզբունքային գործողություններ ձեռնարկելու՝ օրենքի գերակայությունն ու միջազգային ամբողջականությունը պաշտպանելու համար։


