
Փաշինյանը ցանկանում է վերաշարադրել ՀՀ սահմանադրությունը Երևանի նոր «բարեկամների»՝ Անկարայի և Բաքվի համար․ МК
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար։ Սակայն Երևանի նոր «բարեկամները»՝ Անկարան և Բաքուն, պահանջում են, որ այդ աղյուսը հեռացվի։ Հենց նրանց համար է Փաշինյանը ցանկանում վերաշարադրել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը․ գրում է «Московский Комсомолец»-ը։
Նոր մայր օրենքի նախնական տեքստը նախատեսվում է հրապարակել այս ամիս՝ ենթադրաբար հանրային քննարկման համար։ Սակայն պարզ է. անկախ հանրության կարծիքից՝ Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրություն կվերադառնա միայն այն դեպքում, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի։
Գործող կառավարությունը պատրաստ է բավարարել իր արտաքին «գործընկերների» բոլոր ցանկությունները։ Ինչպես նշվում է, Փաշինյանը կրկին հաստատել է սա՝ աշխատանքից ազատելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին։ Ո՞րն էր այս կնոջ հանցանքը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ նա նրան գիրք է նվիրել Լեռնային Ղարաբաղի պատմության մասին։ Աններելի է։ Վարչապետը սա համարել է «ՀՀ կառավարության քաղաքականությանը հակասող սադրիչ գործողություն» և անձամբ ազատել նրան։
Բացի այդ՝ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) վերահսկվում է դրսից՝ «ՊԱԿ-ի (ԿԳԲ) խողովակներով», ինչը, նրա կարծիքով, սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգության համար։
Նախկինում նա մեղադրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին «ՊԱԿ-ի գործակալ» լինելու համար։ ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեն լուծարվել է 1991 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Միխայիլ Գորբաչովի ստորագրած օրենքով։ Սակայն Փաշինյանը, ըստ երևույթին, դա չգիտի։
Հայաստանի վարչապետը մեղադրել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին «արտասահմանյան հետախուզական ծառայությունների» ազդեցության տակ ընկնելու և «երրորդ երկրների» շահերից ելնելով գործելու համար։ Նա պնդում է, որ հայ հոգևորականներն «օգտագործում են խորանը» պատերազմ քարոզելու համար։ Նա այս ամենն ասում է՝ սպասելով, որ «ԿԳԲ», «Ռուսաստան» և «Բելառուս» բանալի բառերը կառաջացնեն համապատասխան արձագանք Եվրախորհրդարանի պատգամավորների մոտ։
Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես խաղաղության միակ երաշխավոր։ Սա, կարծես, կլինի նրա ընտրարշավի հիմքը. ով քվեարկի վարչապետի կուսակցության դեմ, քվեարկում է պատերազմի օգտին։ Նա ցանկանում է խաղալ հայ ընտրողների նոր զինված հակամարտության վերաբերյալ ընդհանուր վախի վրա։ Միևնույն ժամանակ՝ «արևմտյան գործընկերներին» փոխանցվում է այն պատմությունը, որ հերոսական Փաշինյանը բախվում է «ռուսական սպառնալիքին» Հարավային Կովկասում։
2023-ին ստեղծված Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել հանրապետության ընտրական գործընթացներին արտաքին միջամտության մասին։ Այս միջամտությունն իրականացնող երկիրն ուղղակիորեն չի նշվում։ Բայց բոլորի համար պարզ է, որ դա Ռուսաստանն է։ Հայտարարության մեջ նշվում է, որ հետախուզական ծառայությունները, իբր, ճնշում են գործադրում «այդ երկրում» բիզնեսով զբաղվող հայերի վրա՝ նրանց խրախուսելու համար աջակցել որոշակի քաղաքական ուժերի Հայաստանի խորհրդարանական ընտրություններում։ Ենթադրաբար՝ ընդդիմությանը։ Հաջորդ օրն այս հայտարարության հիման վրա Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց ընտրական գործընթացին հնարավոր արտաքին միջամտության վերաբերյալ։ Այժմ կարելի է ակնկալել, որ ընդդիմադիր առաջատար ուժերին արգելվելու է մասնակցել ընտրություններին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին և ակտիվիստներին բանտարկել են, ինչպես նաև ստեղծվելու են առավելագույն խոչընդոտներ Ռուսաստանում հայկական սփյուռքի քվեարկության համար։ Այս մեթոդները փորձարկվել և արդյունավետ են ապացուցվել Մոլդովայում։


