
Իրանում պատերազմը սպառնո՞ւմ է արդյոք «Թրամփի երթուղուն» և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին․ BBC
TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կենտրոնական տարրն է, և դրա իրականացման հետ կապված խնդիրները կարող են բացասական հետևանքներ ունենալ երկու երկրների համար. BBC-ի փոխանցմամբ՝ զգուշացնում են փորձագետները։
Խնդիրն այն է, որ այս երթուղին անցնելու է Արաքս գետի երկայնքով, որը կազմում է Հայաստանի և Իրանի սահմանը։ Այս շրջանը Թեհրանի կարևորագույն առևտրային հանգույց է, և իրանական ընկերություններն արդեն իսկ իրականացնում են ճանապարհաշինարարական աշխատանքներ այն տարածքում, որտեղ նախատեսվում է կառուցել «Թրամփի երթուղին»։ Իրանի և Հայաստանի միջև գազատարը նույնպես անցնում է այդ տարածքով։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը շարունակվում է գրեթե երկու շաբաթ։ Ի պատասխան՝ Իրանը ռմբակոծում է ոչ միայն Իսրայելը և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները, այլև Պարսից ծոցի երկրները։ Չնայած ԱՄՆ-ի հետ մերձեցմանը և ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն աջակցում այս պատերազմին։ Երկու երկրների առաջնորդներն էլ ցավակցություն են հայտնել այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ և շնորհավորել նրա որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը գրեթե անկասկած TRIPP նախագիծը կդարձնի շատ ավելի վիճելի Իրանի տեսանկյունից, չնայած դա ավտոմատ կերպով չի նշանակում նախաձեռնության դադարեցում», – BBC-ի հետ զրույցում նշել է Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Կոնուլ դը Մորը։
Նրա խոսքով՝ եթե նախագիծը հետաձգվի կամ չեղարկվի, դա կարող է բարդացնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ TRIPP-ի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել այս ամռանը։ Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերայի խոսքով՝ եթե TRIPP-ի շինարարությունը հետաձգվի կամ ընդհանրապես չեղարկվի, դա լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համար։
Փորձագետը նշում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի հետ միայն մեծացրել է Ադրբեջանի կարիքը Հայաստանով անցնող երթուղու հարցում։ Իրանի միջոցով առևտրային կապերը խզվել էին, իսկ Նախիջևանի օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր անօդաչու թռչող սարքի հարվածից հետո: Սպիտակ տան նախաձեռնողական քաղաքականությունը Հարավային Կովկասում ծառայել է որպես կատալիզատոր հայ-ադրբեջանական հարաբերություններում զգալի առաջընթացի համար:
«Եթե տպավորություն ստեղծվի, թե Ամերիկան այլևս հետաքրքրված չէ, ապա ամեն ինչ շատ ավելի փխրուն է դառնում», – նշում է Կուչերան։
Այնուամենայնիվ, Կոնուլ դը Մորը կարծում է, որ խաղաղության գործընթացը կարող է շարունակվել առանց Վաշինգտոնի մասնակցության: Նա նշում է, որ անցած տարվա ընթացքում խաղաղության համաձայնագրի տեքստը հաստատվել է, չնայած այն դեռևս չի ստորագրվել: Ադրբեջանը նաև սկսել է բենզին և դիզելային վառելիք արտահանել Հայաստան: Այս ամենը ձեռք է բերվել երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով՝ առանց միջնորդների։
«Երկու կողմերն էլ մշակել են համեմատաբար կայուն երկկողմանի ուղի, և TRIPP-ի հետաձգումը կամ նույնիսկ չեղարկումը, հավանաբար, չի խաթարի ավելի լայն խաղաղության գործընթացը», – կարծում է Դը Մորը:
«Ավելին, Իրանում պատերազմը կարող է երկու կողմերին էլ դրդել արագացնել բանակցությունները, քանի որ տարածաշրջանային անկայունության ընդհանուր սպառնալիքն ավելի ակնհայտ է դառնում»,- ասել է նա։


