
Դա կազմակերպված էր, գիտեմ՝ ում կողմից․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
Իմ կարծիքն այն է, որ դա կազմակերպված էր․ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։
«Գիտեմ՝ ում կողմից, որտեղից է ուղղորդված»,- ասաց նա։
Երեկ միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև։ Սիմոնյանի՝ ԱԺ ժամանելու պահին նրան են մոտեցել քաղաքացիներն ու առաջարկել զրուցել, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանն ասել է․ «Ոչ, զրուցելու ժամանակ չունեմ, քո հետ զրուցելու չկա, դու արժանի չես»։
Սիմոնյանի նման պատասխանից հետո քաղաքացին հարցրել է՝ ինչո՞ւ եք այդպես վարվում ժողովրդի հետ։
Երկխոսությունը վերածվել է փոխադարձ հայհոյանքների, Ալեն Սիմոնյանը վիրավորել ու հայհոյել է քաղաքացուն ու հրահանգել՝ «հավաքել» նրանց ԱԺ-ի մոտից։
ԱԺ խոսնակի թիկնապահները հրել են քաղաքացիներին ու հեռացրել տարածքից, իսկ ոստիկանները բերման են ենթարկել նրանցից մեկին։ Բերման ենթարկվածը «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանն է։


