
Դեբեդի վարարման վտանգ կա՞, պատրա՞ստ է արդյոք Ալավերդին․ մեկնաբանում են քաղաքապետն ու բնակիչները
Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի նախազգուշացումը՝ առատ տեղումներով պայմանավորված՝ գետերի ելքերի մեծացման մասին, վերաբերում է նաև Դեբեդին։ Բայց Լոռվա «գիժը» հոսում է՝ դեռևս առանց «գժություններ անելու»։
Բնակիչների հիշողություններում, սակայն, դեռ թարմ են Դեբեդի նախորդ վարարումները, երբ Դեբեդը կամուրջներ էր քշել։
«Նախորդ տարվա վարարումից հետո Թումանյան փողոցի հատվածում հենապատերի ահագին հատվածներ վերանորոգվել են»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։
Նա նշել է, որ կապի մեջ են բնակչության հետ, վիճակը կառավարելի է, տարհանման անհրաժեշտություն չկա։
Դեբեդն, իսկապես, 2 տարի առաջվա նման վարար կամ կատաղի չի։ Տեղումներն էլ ակտիվացել են այսօր։ Բայց գիշերվանից, ըստ բնակիչների, անդադար մաղում է։
Մտահոգ կամ անհանգի՞ստ են «գիժ» Դեբեդից, բնակիչների պատասխանն է՝ դեռ ոչ։ «Գետի գժությունից վախենում ենք այն ժամանակ, երբ հոսում է՝ փրփուրը բերանին։ Հիմա՝ իր ճամփեն ընկած՝ գնում է»,- ասում են։
Տեղաբնակները ABC Media-ի հետ զրույցում նշել են, որ մինչև այս պահը վերանորոգված չեն Երևան-Թբիլիսի մայրուղու՝ գետի քշած-տարած հատվածները։ «Էդ օրերին լիցք են արել, որ մեքենաները գնան-գան, շարժը վերականգնվի, բայց հիմնովին չեն սարքել։ Նույնը նաև Ախթալայի կամուրջի հարակից տարածքի ճանապարհահատվածում է։ Էդտեղ հիմնական ճանապարհ չկա, ամբողջը լիցք ա։ Ախթալայի մասին ասում էին նաև, որ ջրհեղեղի ժամանակ շարքից դուրս եկած կամուրջի փոխարեն, իբրև թե, պատմական կամուրջ են սարքելու, եսիմ ինչ են անելու․ փաստն էն ա, որ մետաղական երկու կամուրջներից մենակ մինն են արողացել շահագործել առ էսօր»,- ասում է մեր մեկ այլ զրուցակից։
Չնայած գետի հունը մաքրած լինելու մասին քաղաքապետի պնդմանը՝ մեր զրուցակիցները նշում են՝ մաքրող տեխնիկա տեսել են միայն Ալավերդիում, այն էլ կենտրոնական՝ երևացող մասերում։ Մյուս համայնքների առափնյա հատվածներում առ այսօր չի մաքրվել նույնիսկ 2 տարի առաջվա ջրի բերած աղբը՝ ծառեր, ծառարմատներ, շինաղբ, քար, կավահող և այլն։


