
Սուրբ Աննա եկեղեցուց բերման ենթարկված տղաները տեղափոխվում են Երևանի քննչական վարչություն
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված տղաներին տեղափոխում են Երևան քաղաքի քննչական վարչություն՝ մեղադրանք առաջադրելու համար,- ABC Media-ին հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում կիրակնօրյա միջադեպից հետո Քննչական կոմիտեն վարույթ էր նախաձեռնել երկու հոդվածով՝ խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու:
Բերման էին ենթարկվել 2007 թվականին ծնված եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։
Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը):


