
Տասը տարի առաջ այս օրը Քառօրյա պատերազմն էր
2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանն Արցախի նկատմամբ սկսեց հարձակողական լայնածավալ գործողություններ: 1994-ի հրադադարից հետո Բաքուն ժամանակ առ ժամանակ խախտում էր հրադադարի ռեժիմը, բայց 2016-ի ապրիլյան մարտերը դարձան ամենամեծ ռազմական գործողությունը 1994-ից ի վեր։ Ադրբեջանական զինուժը կիրառում էր հրետանի, տանկեր, հրթիռային համակարգեր, ԱԹՍ-ներ ու այլ միջոցներ։
Հարձակումն ակտիվ էր հատկապես Թալիշի, Մարտակերտի, Մարտունու և Ակնայի ուղղություններով։ Հայկական կողմը կարճ ժամանակում հակահարված տվեց, հետ վերցրեց կորցրած դիրքերի մի մասը։
Ապրիլի 5-ին Մոսկվայի միջնորդությամբ՝ կողմերը պայմանավորվեցին հրադադարի շուրջ։ Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը ունեցավ 110 զոհ և 120 վիրավոր:
Զոհեր եղան նաև քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում՝ անչափահասներ։ Հենց ապրիլի 2-ի առավոտյան դպրոց գնալու ճանապարհին հրթիռակոծության տակ ընկան 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու եղբայրը՝ Գևորգ Գրիգորյանը։ Բեկորային բազմաթիվ վնասվածքների հտևանքով 12-ամյա Վաղինակը մահացավ։
Ադրբեջանական կողմն ունեցել է մինչև 300 զոհ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի զինվորականներ։ Զոեհրի պաշտոնական թիվ սակայն Բաքուն առ այսօր չի հրապարակել։


