02 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քարտեզը կրծքին՝ այց Մոսկվա. արարողակարգի խախտո՞ւմ, թե՞ քաղաքական ուղերձ

Քարտեզը կրծքին՝ այց Մոսկվա. արարողակարգի խախտո՞ւմ, թե՞ քաղաքական ուղերձ

Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ներկայացավ Հայաստանի քարտեզը պատկերող կրծքազարդով, դա աննկատ չմնաց։ Դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից այս քայլը բազմաթիվ հարցեր առաջացրեց: 

ABC Media-ի հետ զրույցում դիվանագետ Վահրամ Կաժոյանն ասել է, որ այդպիսի կրծքազարդի կրելն արարողակարգի բոլոր կանոններին հակասում է։ Նրա խոսքով՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ ընդունելի են միայն երկու տարբերակ.

«Միակ ընդունելի տարբերակներն այդ դեպքում ազգային դրոշն է՝ փոքր չափի պետական դրոշը, կամ տվյալ անձի ունեցած բարձրաստիճան շքանշանի փոքր տարբերակը, որը ընդունված է կրել»,-ասաց դիվանագետը՝ հավելելով՝ աշխատանքային այցի ընթացքում անգամ դրանք նպատակահարմար չեն։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կրծքազարդին, ապա դիվանագետը այն բնութագրում է որպես «անիմաստ շեղող ատրիբուտ, որն ընդունված չէ և արարողակարգի բոլոր կանոններին դեմ է»։ Կաժոյանն ավելացնում է, որ նման մեծածավալ կրծքազարդ կրելն ուղերձ է տալիս, սակայն «տվյալ պարագայում այդ ուղերձի նպատակահարմարությունը բացարձակապես անհասկանալի է»։ Որպես համեմատություն նա բերում է հետևյալ օրինակը. «Պատկերացրեք նույնը, ասենք Ռուսաստանի նախագահը կրի Ռուսաստանի քարտեզը իր կրծքին՝ հսկայական չափերի»։

Միևնույն ժամանակ Կաժոյանը չի բացառում, որ կրծքազարդը կրում է քաղաքական ուղերձ. «Քաղաքական ուղերձ կա, այսինքն՝ դու անպատճառ ինչ-որ բան ուզում ես հաղորդել դրանով։ Սակայն հենց հանդիպման ձևաչափն ինքնին հնարավորություն է տալիս ցանկացած ուղերձ բարձրաձայնել առանց սիմվոլիկայի դիմելու: Այդ հանդիպումը ո՛չ դրա տեղն էր, ո՛չ ժամանակը, որովհետև հանդիպման իմաստը հենց դա է, որ կարելի է քննարկել ամեն ինչ և ուղերձները կարելի է բարձրաձայնել առանց որևէ սիմվոլիկայի»,- ասաց Կաժոյանը: 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026