
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ-ն՝ Բաղրամյանի զորավարժարանի դեպքի մասին
ՀՀ Քննչական կոմիտեից ABC Media-ին տեղեկացրել են, որ քրգործ է հարուցվել երեկ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ։
«2026 թվականի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Պայմանագրային զինծառայողը մահացել է: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,-տեղեկացրել են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ երեկ միջադեպ էր տեղի ունեցել Բաղրամյանի զորավարժարանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված վայրում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։


