
18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքն անհամաչափ է․ իրավապաշտպաններ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն՝ Դավիթ Մինասյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին։
«Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի պատճառով կալանավորվել է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը։ Նա մեղադրվում է «խուլիգանության» և «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» մեջ։
Միջադեպը, որն ակնհայտորեն նախապես պլանավորված չէր և որևէ վնաս չի հասցրել պետական պաշտոնյաներին, ուժային կառույցներից արժանացել է անհամաչափ արձագանքի։ Այս համատեքստում պարզ է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի, ինչպես նաև Դավիթի եղբոր՝ Միքայել Մինասյանի դեմ քրեական հետապնդման հարուցումը, բնակարանի խուզարկությունը միջադեպին արհեստականորեն «ավելի մեծ կշիռ» տալու և հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի ներգրավումն իր հերթին հաստատում է Դ․ Մինասյանին կալանավորելու ոչ թե օրենքի, այլ քաղաքական դրդապատճառներից բխող հանգամանքը։
Եթե խափանման միջոցը չփոխվի, Դ․ Մինասյանը դպրոցի վերջին դասարանի ավարտական շրջանն անցկացնելու է ճաղերի ետևում, ինչն իր հերթին բացասական է անդրադառնալու կրթության իրավունքի վրա։ Հաշվի առնելով միջադեպի հանգամանքները և կալանավորման՝ օրենքով նախատեսված չափանիշները, Դավիթ Մինասյանին ազատությունը զրկելու որոշումը անհամաչափ է և կամայական»,- ասված է հայտարարության մեջ։


