09 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի պատերազմը սպառնում է խաթարել TRIPP-ի իրականացումն ու Թրամփի միակ հաջողված խաղաղության համաձայնագիրը. FP

Իրանի պատերազմը սպառնում է խաթարել TRIPP-ի իրականացումն ու Թրամփի միակ հաջողված խաղաղության համաձայնագիրը. FP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմի հետևանքները սպառնում են չեղյալ դարձնել նրա նվաճումը Կովկասում: Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում, որ Թրամփը շեղել է ուշադրությունը տարածաշրջանից: Նույնիսկ հայտարարված հրադադարից հետո Սպիտակ տունը որոշ ժամանակ կենտրոնանալու է Իրանի վրա: Արդյունքում՝ Կովկասում խաղաղության հասնելու խթանը կարող է կորսվել. գրել է Foreign Policy-ին:

Թրամփի ներգրավվածության բացահայտ ինքնագովեստը, բնականաբար, կասկածամտություն էր առաջացրել։ Շատերը մտածում էին, թե արդյոք նրա վարչակազմը կկատարի անհրաժեշտ աշխատանքը՝ գործընթացն իրականացնելու համար, հատկապես այն պատճառով, որ Թրամփը, կարծես, նույնիսկ չգիտեր այն երկրների անունները, որոնց հետ գործ ուներ:

Սակայն Թրամփի կողմից ձեռնարկված ջանքերը, պարզվեց, խթանեցին գործընթացը։ Սպիտակ տան գագաթնաժողովից հետո երկու կողմերը սկսեցին արագ քայլեր ձեռնարկել հարաբերությունները բարելավելու համար։ Ադրբեջանը, որը սպառնում էր Հայաստանին, մեղմացրեց իր հռետորաբանությունը, և հայերի համար նոր պատերազմի վախը սկսեց նվազել։ Այս իմպուլսի որոշ մասը պայմանավորված էր նրանով, որ երկու առաջնորդներն էլ, իրենց սեփական պատճառներով, ցանկանում էին շահել Թրամփի հավանությունը և գիտեին, որ նրա՝ որպես խաղաղարարի, սիրելի հեղինակությունը կախված էր իրենցից։

Հունվարին Միացյալ Նահանգները և Հայաստանը հրապարակեցին համաձայնագրի տեքստը, որը սահմանում էր TRIPP-ի շրջանակը: Դա ապացույց էր այն բանի, որ ամերիկացիները մեծ աշխատանք էին կատարել կուլիսներում, և որ քննադատների կասկածամտությունն անհիմն էր: Ճանապարհին Թրամփը նույնիսկ սովորեց ճիշտ արտասանել Ադրբեջան անվանումը:

Սակայն Իրանի դեմ պատերազմը և դրան ուղեկցող դիվանագիտությունն այժմ սպառնում են TRIPP-ին, և, հետևաբար, նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացին, տարբեր ձևերով:

TRIPP-ի առաջին փուլը կանցնի անմիջապես Հայաստանի հեռավոր հարավային սահմանի երկայնքով՝ Իրանի սահմանին շատ մոտ: Այն ընկերությունները, որոնց Միացյալ Նահանգները հույս ուներ ներգրավել երթուղու կառուցման և շահագործման համար, անկասկած վերագնահատում են իրենց հնարավոր ներդրումների անվտանգության ռիսկերը: Երևանի աղբյուրները հայտնում են, որ տեղանքում հետազոտություններ իրականացնող ամերիկյան ընկերության այցն արդեն հետաձգվել է պատերազմի պատճառով։

Դրանից բացի, ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի պաշտոնյաները լրատվամիջոցի հետ զրույցում իրենց մտահոգությունն են հայտնել, որ պատերազմը կշեղի ԱՄՆ-ի ուշադրությունը TRIPP-ից: Միացյալ Նահանգները և Հայաստանը դեռ պետք է մշակեն պայմանագիր, որը կստեղծի ընկերությունը երթուղին շահագործելու համար, որի համար իրականում նախադեպ չկա, և որը ներառում է բազմաթիվ զգայուն քաղաքական և ֆինանսական հարցերի լուծում: Այդ գործընթացը վարում է նույն փոքր թիմը՝ Թրամփի խորհրդական Սթիվ Ուիթքոֆի գլխավորությամբ, որն այժմ ավելի քան զբաղված է Իրանի հարցով։

Ավելի լայն իմաստով՝ պատերազմը կարող է վերադասավորել ԱՄՆ-ի առաջնահերթությունները Կովկասում այնպես, որ խաղաղության հասնելը դժվարանա։ Այսօրվա դրությամբ՝ TRIPP-ն իրականում օգուտ կբերի Իրանին, քանի որ այն կվերականգնի խորհրդային դարաշրջանի երկաթուղային կապերը, որոնք Իրանին կապում էին Նախիջևանի հանգույցի միջոցով։ Արդյո՞ք Վաշինգտոնը կշարունակի հետաքրքրված լինել այն նախագծով, որը կօգնի Իրանին։

Տարածաշրջանում բոլորը ենթադրում էին, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ կնվազի, երբ Թրամփը հեռանա իշխանությունից։ Ենթադրվում էր, որ այդ ժամանակ խաղաղության գործընթացը շատ ավելի ամրապնդված կլինի։ Բայց ի՞նչ անել, եթե Թրամփն արդեն կորցրել է հետաքրքրությունը։ Դժվար է իմանալ, թե ինչ հետևանքներ կունենա խիստ անհատականացված դիվանագիտական նախաձեռնությունը՝ կորցնելով իր հովանավորին: Դա կլինի խաղաղության գործընթացի իրական փորձություն։

Իդեալական տարբերակում՝ Իրանի պատերազմը կհանգեցնի նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի մեծ վերահսկողություն կստանձնեն խաղաղության գործընթացի նկատմամբ։ Երկու երկրներն էլ նմանատիպ մտահոգություններ ունեն ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր հետևանքների վերաբերյալ, և դա կարող է նրանց մղել կրկնապատկել իրենց երկկողմանի ներգրավվածությունը: Ադրբեջանի մուտքը Նախիջևան արդեն վտանգված է.

Մինչև TRIPP-ի կառուցումը, Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև միակ գործող ցամաքային ճանապարհը անցնում է Իրանով, և այն փակվել է պատերազմի հետևանքով։

Հայ պաշտոնյաներից մեկը FT-ի հետ զրուկցում նշել է, որ եթե այս պատերազմը տեղի ունենար մեկ տարի առաջ, հայերը կանհանգստանային, որ Ադրբեջանը կարող է այն օգտագործել որպես պատրվակ իրենց վրա հարձակվելու համար:

Իրանի պատերազմը և դրա հետևանքները կարող են խաթարել Թրամփի իրական նվաճումներից մեկը և բացահայտել նրա խիստ անհատականացված և օպորտունիստական դիվանագիտության ռիսկերը:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026