Այսօրվանից կասեցված է նոր համայնքապետի գործունեությունը․ Ալավերդիում կրքերը թեժանում են
Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնն ապօրինի կերպով բռնազավթելու կապակցությամբ Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանն ու իր քաղաքական թիմը դիմել էր վարչական դատարան՝ Ալավերդի համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված հայցվոր Արկադի Սամվելի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահության հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արկադի Թամազյանը։ Նա նշել է, որ այսօրվանից կասեցված է իրեն անվստահություն հայտնելու և նոր քաղաքապետ ընտրելու մասին ավագանու որոշումը։
«Հանրապետության վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Հետևաբար, այսօրվանից կասեցված է ինձ անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին ավագանու որոշումը՝ մինչև դատարանի որոշում կայացնելը և ուժի մեջ մտնելը»,-գրել է Թամազյանը։
Նա կոչ է արել Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին՝ անհապաղ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացումը, հակառակ պարագայում նրա գործողությունները համարվելու է քրեորեն պատժելի արար։
Հիշեցնենք, որ նախորդ ամսվա սկզբին Ալավերդի համայնքում իրավիճակը լարված էր։ Համայնքի ավագանու ՔՊ-ական անդամները անվստահություն էին հայտնել գործող քաղաքապետ Արկադի Թամազյանին, ինչից դժգոհ էին համայնքի բնակիչները։ Ավագանու նիստն ընթացել էր լարված, սակայն ՔՊ-ին հաջողվել էր անվստահություն հայտնել Թամազյանին և քաղաքապետ նշանակել իրենց թեկնածուին՝ Դավիթ Ղումաշյանին։