Անունը դրել են կալանք, բայց սա իրականում պատժիչ միջոց է, որը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացին չպիտի հասցնի ճշմարտության մասին մտածել․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը մասնակցում է Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու վերաբերյալ դատական նիստին։
Պատգամավորի խոսքով՝ այս ամենը շոու է։
«Նիկոլը մեծ ցանկություն ունի, որ իմ բարձրացրած հարցերը որևէ մեկի ուշադրության կենտրոնում չհայտնվեն, այդ պատճառով արանքում հայտնվում են կախիչի, լոգարանում ցնցուղ լինել-չլինելու փաստեր։ Բայց ինչքան ցավալի է, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր շարունակում են ձևացնել, որ աշխատում են Նիկոլի հետ՝ ունենալով պարզ ճշմարտություն իրենց մտքում, որ Նիկոլի հետ չեն աշխատում, Նիկոլի մոտ «կզում են»,- հայտարարեց Մկրտչյանը։
Պատգամավորը համոզված է՝ միամիտ կլինի մտածել, որ Արմեն Աշոտյանի գործը արդարադատության դուռն է հասել։
«Պարոն Աշոտյանի գործը նիկոլահպատակ մարդկանց ձերքում է, ովքեր ինչ-որ պահի հագել են տարբեր կարգավիճակներ։ Թե՞ որևէ մեկը չի լսել ինչպես է Նիկոլն ասում՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները կարա չանի»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։