26 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դադարեցվել է Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությանը

Դադարեցվել է Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությանը

«Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնել է, որ դադարեցվել է Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությանը։

«2024թ․-ի հունվարի 9-ին տեղի է ունեցել «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նիստ։

Պարզվել է, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, գրանցված ՌԴ Կալինինգրադ քաղաքում։

Կուսակցության կանոնադրության 3.8.5 կետի ուժով, այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում կուսակցության անդամությունը դադարեցվում է։

Այս հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։

Սեփական դիմումների հիմքով դադարեցված է համարվել կուսակցության խորհրդի ևս 11 անդամի անդամակցությունը։

Բացի այդ «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը, հաշվի առնելով մամուլում տարածված լուրերը իրազեկում է քաղաքացիներին և կուսակցականներին, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը արտահերթ համագումար հրավիրելու որոշում չունի, նման համագումար հունվարի 19-ին չի անցկացվելու։

Սույն թվականի հունվարի 19 -ին, Մարիոթ հյուրանոցում, կուսակցության նախկին անդամ Վարդան Ղուկասյան անունը կրող անձի կողմից հրավիրված համագումարը ապօրինի է, որևիցե աղերս չունի «Հանրային Ձայն» կուսակցության հետ։

Դիմում ենք նաև ՀՀ իրավապահներին, կասեցնել «Հանրային Ձայն» կուսակցության անունից ապօրինի հրավիրված համագումար կոչվող ապօրինի հավաքը»,- ասված է հաղորդագրության մեջ։