26 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
10 մլն դրամը կարող է դառնալ 8 մլն. զինծառայության օրենքում նոր փոփոխություն է առաջարկվում

10 մլն դրամը կարող է դառնալ 8 մլն. զինծառայության օրենքում նոր փոփոխություն է առաջարկվում

Զինծառայությունից փողով ազատվելն օրինականացնելու նախագծում նոր փոփոխություններ են առաջարկվում։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ օրինագծի հեղինակ, ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանն նշել է, որ երկու տարվա փոխարեն 1 ամիս ծառայելու համար սահմանված 10 մլն դրամը կփոխվի։

Նշենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։

«Մենք կառավարությունում քննարկել ենք, և հավանության է արժանացել այն կարծիքը, որ 1 ամիս ծառայության դիմաց առաջարկվող 10 մլն դրամը դարձնենք 8 մլն դրամ, որպեսզի օրենքի շահառուների թիվն ավելի շատ լինի և ավելի քիչ անհարմարություն պատճառենք հավանական շահառուներին։ Այդպիսով նրանց հայրենիք վերադառնալու հնարավորություն կտանք, այլապես գումար չունենալու դեպքում նրանք կշարունակեն մնալ հետախուզման մեջ, հայրենիք էլ կվերադառնան միայն վաղեմության ժամկետը լրանալուց հետո»,– նշել է Սարգսյանը։

Նա ևս մեկ տեխնիկական փոփոխություն է առաջարկել, ըստ որի ` սահմանային տարիքը նախատեսվում է 37 տարեկանը դարձնել 45, որպեսզի օրինագծից կարողանան օգտվել նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները։

Երրորդ փոփոխությունն էլ վերաբերում է այն անձանց, որոնք նոր են ՀՀ քաղաքացիություն ստացել։

«Առաջարկում եմ այդ անձանց համար սահմանված 27-37 տարեկանը փոխել և դարձնել 18-45 տարեկան։ Սա հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին 1 տարի ծառայել ՀՀ ԶՈւ–ում կամ վճարել 2.5 մլն դրամ։ Գործող կարգավորումներով արական սեռի ներկայացուցիչներից որևէ մեկը չի դառնում ՀՀ քաղաքացի մինչև 27 տարին լրանալը` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ծառայել են այլ պետություններում և օրենքով պարտավորություն չունեն նաև Հայաստանում ծառայելու»,– ընդգծել է Հայկ Սարգսյանը։

ՀՀ–ում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ հայտնել է, որ իրենք կողմ են, որպեսզի 10 մլն դրամը կրճատվի, բայց դեմ արտահայտվեց սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին առնչվող փոփոխությանը։

Արդյունքում հանձնաժողովը որոշեց նախագիծը լրամշակել մինչև երկրորդ ընթերցմամբ ընդունելը։

Հիշեցնենք, որ նախաձեռնության հեղինակի մտահղացմամբ՝ 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1.զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,

2.զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,

3.զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր.,

4.զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր.,

5.զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ։