Ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 47 տարեկան
Այսօր ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի տարեդարձն է։ Ասատրյանն ավարտել է 5 ռազմական բուհ։ Զինվորական կրթության և ծառայության ընթացքում իր համար հերոսի, ռազմական հրամանատարի բացարձակ կերպար էր Մոնթե Մելքոնյանը։ Նա իր զինվորական ծառայության ընթացքում առաջնորդվում էր իր մշակած մի քանի թեզերով, որոնց համաձայն հրամանատարը պետք է լինի գրագետ, սպան՝ կարդացած։
Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա իր ղեկավարած ստորաբաժանման հետ միասին մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Հոկտեմբերի առաջին օրերին Վահագն Ասատրյանի մշակած ռազմագործողությամբ ու հրամանատարությամբ ստորաբաժանումը կարողացել էր վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը՝ տալով մեկ զոհ։
Ավելի ուշ Շահումյանի շրջանից տեղափոխվել էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված, ընկել շրջափակման մեջ։ Մարտեր վարելով կարողացել էին ճեղքել և դուրս գալ շրջափակումից, թեև, ըստ ականատեսների` այդ պայմաններում ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ։
Մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրում էին Վահագն Ասատրյանին։ Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել։
Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։ Զոհվել է Հադրութի շրջանի պաշտպանության ժամանակ։
Ամուսնացած էր, ունի երկու որդի։ Հերոսն այսօր կդառնար 47 տարեկան։
Ամիսներ առաջ, հերոսի հիշատակի օրը, ABC media-ն նրա մասին ռեպորտաժ էր պատրաստել, որը ներկայացնում ենք ստորև.