Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը (տեսանյութ)
2024 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական Milli TV յութուբյան ալիքում տեղադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Արցախի Հաթերք գյուղի՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում և նրան հարակից տարածքում:
Տեսանյութում երևում է, որ Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը և շրջակա գերեզմանոցը ենթարկվել են վանդալիզմի: Մասնավորապես շրջված են Հաթերք գյուղի պաշտպանների դիմանկարներով հուշաքարերի մեծ մասը, ինչպես նաև որոշ գերեզմանաքարեր: Տեսանյութը նկարահանել են հուշահամալիրի մոտ ինչ-որ աշխատանքներ իրականացնող ադրբեջանցիները: Տեսանյութում նաև երևում է, որ աշխատանքային գործիքներ, գազի բալոն տեղադրված են հուշաքարերի վրա:
Հաթերք գյուղը բավականին տուժել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին: 1992 թվականին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են հայաթափել ու ոչնչացնել գյուղը: 1992-1993 թվականներին գյուղը երկու անգամ օկուպացվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հաթերք գյուղի 19 խաղաղ բնակիչ, որոնք չէին հասցրել հեռանալ ադրբեջանական ներխուժման ժամանակ սպանվել են ադրբեջանցի զինվորականների կողմից։ Գյուղի ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում զոհվել է 57 հոգի: Զոհվածների հիշատակին նվիրված եղբայրական գերազմանատանը կանգնեցված հուշահամալիրի կառուցման աշխատանքները սկսվել էին 2002 թվականին և ավարտվել 2005-ին։