17 Նոյ
2024
5.9° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախկինում եղած խնդիրներն ու բացթողումները կյանք ու հայրենիք չեն արժեցել, իշխանափոխություն է պետք․ Արտակ Զաքարյան

Նախկինում եղած խնդիրներն ու բացթողումները կյանք ու հայրենիք չեն արժեցել, իշխանափոխություն է պետք․ Արտակ Զաքարյան

Մեր ժողովուրդը արժանի չէ այս իշխանությանը։ Մեր ժողովուրդը պետք շատ վճռորոշ ու պատմական քայլ կատարի՝ իշխանափոխություն, ինչու չէ՝ նաև փողոցի միջոցով։ ABC media-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Նիկոլի իշխանությունը վերընտրվեց 2021 թվականին, արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ օկուպացվեցին, ՀՀ-ն մնաց առանց էական դաշնակիցների, միջազգային աջակցության, առանց հեռանկարների, անվտանգության բարձիկների ու առանց զարգացման տեսլականի։ Մեր ժողովուրդը արժանի չէ այս ամենին»,-ասել է Զաքարյանը։

Զաքարյանի խոսքով՝ հավաքական ընդդիմությունը երեք անգամ փորձել է իշխանափոխություն անել, չի ստացվել։ 2018 թվականի իշխանափոխությամբ մարդիկ հույս էին պահում, որ օգտակար կլինի Հայաստանի համար, բայց ձախողումից բացի ոչինիչ չեղավ։

«Հիմա մարդիկ մտածում են՝ իսկ եթե հիմա՞ էլ սխալվենք։ Ընդդիմությունը վերջին 5 տարում ապացուցեց, որ բացարձակ ճշմարտություններ են ասում, եթե խոսում ենք պետության շահերից, անվտանգությունից, համընդհանուր զարգացման խնդիրներից, ապագայի տեսլականներից։ Այսօր էլ ապագայի մասին ինչ ասում է, անհիմն հայտարարություններ չեն, դրանց տակ հստակ դրված են փաստեր, վերլուծություններ և քաղաքական ահռելի փորձ, ինչը չունեն ՔՊ կոչվածները»,-ասել է նա։

Ըստ նրա՝ իշխանափոխությունից պետք չէ վախենալ, դա է մեր պետության խնդիրների լուծման գլխավոր ճանապարհը։ Իշխանափոխություն անելուց առաջ, սակայն, պետք է հենվել այն ուժերի վրա, որոնք ապացուցել են Հայաստանի ազգային շահերին իրենց նվիրվածությունը։

«Եղե՞լ են անընդունելի խնդիրներ, այո՛, եղել են։ Եղե՞լ են թերություններ, բացթողումներ, այո՛, եղել են, բայց դրանք մեզ համար կյանք, հայրենիք, ունեցվածք ու պատիվ չեն արժեցել։ Հիմա ամենաթանկը կորցնելուց հետո շարունակել մանրուքների մեջ թերություններ ման գալ, կարծում եմ՝ խելամիտ չէ»,- եզրափակել է Զաքարյանը։