26 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եկեղեցին միայնակ չէ և ուժեղ է իր հավատացյալներով․ ակցիա

Եկեղեցին միայնակ չէ և ուժեղ է իր հավատացյալներով․ ակցիա

Այսօր մի խումբ Երիտասարդներ ակցիա են կազմակերպել Էջմիածնի Մայր աթոռի մոտ՝ ի աջակցություն եկեղեցու։ Նրանց միավորել է «եկեղեցին միայնակ չէ և ուժեղ է իր հավատացյալներով» կարգախոսը։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին գրեթե ամեն օր հարձակումների է ենթարկվում, և հավատավորների պաշտպանության կարիքն ունի։ Հատկապես վերջին դեպքերից հետո, երբ առաջին անգամ նորանկախ հանրապետության պատմության մեջ ամանորի նախաշեմին կաթողիկոսի ելույթը չհեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ, երիտասարդները որոշեցին միավորվել և ցույց տալ, որ պատրաստ են պայքարի։ Շեշտում են՝ այն, ինչ այսօր արվում է եկեղեցու դեմ, դատապարտելի է։

«Ինքնաբուխ չկարողացանք այլևս լռել, եկել ենք այստեղ մեր աջակցությունը, որդիական խոնարհումը ձեզ առաջարկելու, պատրաստ ենք եկեղեցու կողքին կանգնել և ցանկացած տեսակի պայքարում առաջամարտիկ լինել»,- նշել է ակցիայի մասնակիցը։

Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկան Մայր աթոռի ներկայացուցիչները։ Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշել է, որ  պատմության ընթացքում եկեղեցին փորձություններ շատ է հաղթահարել, հիմա էլ պետք է հաղթահարի։

«Լինել եկեղեցու կողքին՝ նշանակում է լինել ինքդ քո կողքին, պաշտպանել քո ինքնությունը, ապրելու իրավունքը, արժանապատվությունը և ավելացնել քար քո ապագայի կառուցվող շենքին», – ասել է դիվանապետը։

Եկեղեցականները գոհունակություն հայտնեցին, որ երիտասարդները համախմբվել են և եկել իրենց աջակցությունը հայտնելու։