Փաշինյանի ամեն քայլն արկածախնդրություն է, որի համար վճարեցինք, վճարում ենք և ապագան դեռ առջևում է. Աբրահամ Գասպարյան
«Փոխի’ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը վերլուծել է Անկարա–Բաքու–Երևան սինքրոնացված քայլերը, Հայաստանի՝ Թուրքիայի կազմում հայտնվելու հավանականությունը, առանց դաշնակից մնացած Հայաստանի անվտանգության տխուր հեռանկարը, հանձնվողական իշխանության քաղաքական և տեղեկատվական մանիպուլյացիաները, հայրենիք–պետություն հասկացությունները միմյանց հակադրելու կործանարար դիսկուրսը:
«Փաշինյանի համար հոգ չէ՝ այդ թղթում ի՞նչ է գրված, ի՞նչ մեթոդներով, անվտանգության ի՞նչ մեխանիզմների ներդրմամբ ու երաշխավորների ներգրավմամբ կլինի այդ խաղաղությունը, հարցի մյուս կողմն է՝ թյուրքական աշխարհի այս երկու պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար որևէ նշանակություն ունե՞ն նման թղթերը, թե՞ ոչ, կարևորը՝ Փաշինյանն ամեն գնով ստանա այդ փաստաթուղթը: Ընդ որում՝ վարչապետի աթոռը զավթած անձին ամենևին հետաքրքիր չեն իրեն հասցեագրված որակումները։ Նրա քաղաքական պատվախնդրությունը, մեղմ ասած, վիճարկելի է: Նրա ամեն քայլն արկածախնդրություն է, որի համար վճարեցինք, վճարում ենք և ապագան դեռ առջևում է»,- ասել է Գասպարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ երբ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասում է, որ Արցախի հարցը կամ այնտեղ ոչ մի առաքելություն խաղաղապահ չիրականացնող զորակազմի հարցը Մոսկվայի և Բաքվի հարցն է, նշանակում է, որ Հայաստանի հետ չեն խոսում և չեն խոսելու Արցախի հարցով, նշանակում է, որ Հարավային Կովկասի ապագա անվտանգային ճարտարապետության մեջ՝ Ադրբեջանը դառնալու է Ռուսաստանի կարևոր գործընկերը՝ թե՛ տրանսպորտի, թե՛ նավթագազային ռեսուրսների արտահանման, թե՛ աշխարհաքաղաքակա՛ն առումով։
Մանրամասները՝ տեսանյութում: