27 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անցյալի ու ներկայի կռիվը դադարեցնելու պատմական անհրաժեշտություն կա՝ պետականության սրընթաց անկումը կանխելու համար. Վահե Հովհաննիսյան

Անցյալի ու ներկայի կռիվը դադարեցնելու պատմական անհրաժեշտություն կա՝ պետականության սրընթաց անկումը կանխելու համար. Վահե Հովհաննիսյան

Մեզ առաջիկայում «պատմական նոր իրողություններ» պարտադրելիս կիրառելու են հին, փորձված նարատիվները, և մենք պատրաստվում ենք դիմակայել դարձյալ հին մեթոդներով, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս։ Հանրային առողջացման և կոնսոլիդացիոն տրամադրությունների դեմն առնող առանցքային թակարդը նախկինի ու ներկայի կռիվն է, ու նաև դրա մի տարատեսակը՝ «ներնախկինականը». գրում  է «Այլընտրանքային նախաձեռնությունների խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Կա պատմական անհրաժեշտություն` դադարեցնելու անցյալի և ներկայի կռիվը։ Եթե ուզում ենք կասեցնել պետականության սրընթաց անկումը, սա պետք է արվի։ Բայց սրա գիտակցումը միայն բավարար չէ։ Պետք է գտնել մեխանիզմը, հարցի կիրառական կողմը։ Դա բարդ խնդիր է, որովհետև բազմաթիվ նրբերանգներ կան՝ միտումնավոր կամ անգիտակցաբար հյուսած, կա ծանր ֆոն, բազմամյա նեղվածություն ու պարտադրված նարատիվ։

Այն անհատները, ուժերը, միավորները, որոնք զգում են պատասխանատվություն, ստանձնում են առաքելություն, հայտ են ներկայացնում գալիք սոլիդ իշխանություն (կամ իշխանության մաս) լինելու, պարտավոր են հստակ ձևակերպել իրենց դիրքորոշումը՝ երեք հիմնական թակարդների նկատմամբ, և ոչ թե խուսափել դրանցից։ Խուսափելով (ինչը 4-5 տարի է՝ արվում է)՝ նախաձեռնությունը փոխանցում են իշխանությանը, որն էլ ամենագռեհիկ ձևով դրանից օգտվում է»,֊գրել է քաղաքագետը։

Վահե Հովհաննիսյանը խոսել է գորդյան հանգույցը քանդելու անհրաժեշտության մասին:

«Անկախ Հայաստանի առաջին փուլում մենք եղել ենք հաղթած պետություն, և այդ հանգամանքը միավորում է բոլոր գիտակից մարդկանց, այդ թվում՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահներին։ Մենք պիտի ֆիքսենք սա, և պայմանավորվենք, որ այս իշխանություններին մերժելուց հետո հաջորդ կառավարության առաջին քայլերից մեկը լինելու է հաղթած պետության՝ Հայաստանի երեք նախկին նախագահներին պետության բարձրագույն կոչման արժանացնելը։ Այստեղ պետք է մի կողմ դնենք բոլոր տեսակի անհատականացված (օբյեկտիվ և սուբյեկտիվ) մոտեցումները։ Սա նախ ազգային հարգանքի ժեստ է՝ դեպի Հայաստանի պատմության, պետականության այն փուլը, երբ մենք արժանապատիվ էինք, հաղթած, ունեինք հայկական Արցախ ու կանխատեսելի պետություն։ Միաժամանակ դա կծառայի որպես երաշխիք՝ երկրի հետագա կայունության, ներքին ցնցումներից զերծ մնալու, նաև երկրի ներքին կայունության և որակի մասին ազդակ կուղարկի միջազգային հանրությանը»,-առաջարկել է Հովհաննիսյանը։

 

Վերջինիս համոզմամբ՝ այդ մոտեցումն արդեն կոնսոլիդացիոն հսկայական հենք կապահովի:

 

  1. Սրանով կդադարեցվի նախկին նախագահների կողմնակիցների, գաղափարակիցների, թիմերի ներքին անհանդուրժողականությունը։ Դա արդեն պատմական ատավիզմ է, երբ երկիրն այս վիճակում՝ շարունակում ենք ապրել հին պատկերացումներով։ Թե´ նախկին նախագահներն են փոխվել, թե´ բոլորս ենք փոխվել, թե´ Հայաստանն է փոխվել։ Բոլոր հակասություններով հանդերձ՝ ընդհանուրը, միավորողն ավելի շատ է ու կարևոր, քան՝ տարաձայնությունները։

 

  1. Սա թույլ է տալու, որ բազմաթիվ նորմալ մարդիկ կարողանան հանդարտ, խելամիտ ձևով համագործակցել՝ թոթափելով 20-30 տարվա կաղապարները։
  2. Սա էապես կփոխի մթնոլորտը հանրային ակտիվ շրջանակներում և, հետևաբար, կազդի հանրային տրամադրությունների վրա։ Այն էֆեկտը, որը մենք ուզում էին ստանալ երեք նախկին նախագահների համագործակցության ֆորմատով, և որը չստացանք, կարելի է ստանալ հակառակ կողմից՝ թիմերից, որպես սկզբունք ընդունելով նրանց ժամանակվա Հայաստանն ըստ արժանավույնս պատվելը։
  1. Այս համատեքստում նույն պետական բարձրագույն կոչմանը պետք է արժանանա ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

 

Կարելի է վստահ լինել, որ այս պարզ մոտեցումը բերելու է նկատելի արդյունքի՝ որպես ազգային կոնսոլիդացիայի ուղերձ՝ պետականության շուրջ։ Կարելի է վստահ լինել նաև, որ իշխանությունն ամեն կերպը խոչընդոտելու է, որովհետև իր սարքած թակարդներից դուրս գալը նշանակում է իր ավարտը: