ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է․ Հայկ Մարության
Վերևից հրահանգում են, այստեղ պարզապես դակում են. լրագրողների հետ ճեպազրույցը այսպես սկսեց ավագանու արդեն նախկին անդամ Հայկ Մարությանը։
«Դահլիճում նստածներից շատերը չեն էլ գիտակցում՝ ինչի համար են քվեարկում, ինչ հետևանքներ կունենա այն և այլն։ Օրինակ՝ ընդունեցին կարմիր գծերի համար 160 000 դրամ վճարելու միասին օրենքը։ Օրենքը ընդունելուց հետո տրանսպորտը չբեռնաթափվեց, ինքներդ եք տեսնում։ Չեմ ճանաչում ինչ-որ մեկին, որ կարմիր գծերի թանկանալու հետևանքով մեքենան թողել է տանն ու տրանսպորտով երթևեկել։ Մենք միշտ ասում էինք՝ այս օրենքը չի գործելու, մի թանկացրեք»,-ասաց նա։
Մարությանի խոսքով՝ մինչ նման որոշում ընդունելը պետք է տրանսպորտը կարգավորել, որ բնակիչը տնից դուրս գա և իմանա՝ աշխատանքից, դասից չի ուշանալու։ Այսօր իրավիճակ չի փոխվել այդ դաշտում, բայց կարմիր գծերը թանկացել են։ Ինչու՞։
«Պարզ ասեմ՝ սա թալան է։ Այս թանկացումներն այնպես չէ, թե հարուստներին են վերաբերվում։ Ո՛չ։ Հարուստների համար ուզում է 100 000, թե 500 000 լինի, նրանք կվճարեն, կկանգնեն։ Սա կոնկրետ ազդել է միջին և սոցիալապես անապահով ընտանիքների, մարդկանց վրա»,- ասաց Մարությանը։
Խոսելով ավագանու մանդատից զրկվելու, ՔՊ-ի՝ իր մեջ վտանգ տեսնելու մասին, Մարությանը նշեց․ «Իմ թեկնածությունը միակն էր, որը կոնսենսուսային էր ընդդիմության համար։ Եթե հարց լիներ անվստահություն հայտնելու քաղաքապետին, և եթե նոր քաղաքապետի ընտրություն լիներ ընդդիմության կողմից, ապա իմ թեկնածությունը այն թեկնածություններն էր, որի շուրջ կարող էր ընդդիմությունը հավաքվեր ու կոնսեսնսուսի գար։ Իրենք, օգտվելով առիթից, հեռացնում են այդ թեկնածուին, որպեսզի վտանգ չսպառնա»։
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու նիստը։ Օրակարգում ընդգրված էր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի և այլ անդամների լիազորությունները կասեցնելը։ Հայկ Մարությանը, Սոնա Աղեկյանը, Նարինե Հովհաննիսյանն արդեն զրկվել են ավագանու մանդատներից։