28 Նոյ
2024
4.2° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ հանրությունը ապտակ հասցրեց «Հայոց պատմության» նոր նախագծի հեղինակներին․ Չալաբյան

Հայ հանրությունը ապտակ հասցրեց «Հայոց պատմության» նոր նախագծի հեղինակներին․ Չալաբյան

Բազմաթիվ պատմաբան գիտնականներ և մանկավարժներ ևս միարժեք Դեմ արտահայտվեցին այս նախաձեռնությանը, և այն առաջ մղող ԿԳՄՍ նախարարուհին հայտնվեց բացարձակ մեկուսացման մեջ ․ գրել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։

 

Երեկ կեսգիշերին իրավական ակտերի քննարկման միասնական հարթակում ավարտվեց ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու նախագծի հանրային քննարկումը:

 

Չնայած նախագծի հեղինակների հուսահատ ճիգերին, բազմակի ֆեյքային քվեարկություններին (միայն վերջին օրը կայքում մոտ 2000 Կողմ ձայն ավելացավ, հիմնականում քվեարկության վերջին ժամերին), հայ հանրությունը այս անգամ կարողացավ մոբիլիզացվել և շառաչուն ապտակ հասցնել այս հակազգային և հակագիտական նախագծի հեղինակներին: Հանրային քննարկման էջ այցելել է մոտ 200,000 քաղաքացի, նրանցից համարյա 12,000-ը գրանցվել և Դեմ են քվեարկել նախագծին, և նրա տակ 500-ին հասնող Դեմ արձագանք թողել, այն դեպքում, երբ քննարկման երկու շաբաթվա ընթացքում գեթ մեկ հիմնավոր Կողմ արձագանք չհայտնվեց:

 

Ավելին, բազմաթիվ պատմաբան գիտնականներ և մանկավարժներ ևս միարժեք Դեմ արտահայտվեցին այս նախաձեռնությանը, և այն առաջ մղող ԿԳՄՍ նախարարուհին հայտնվեց բացարձակ մեկուսացման մեջ, ստիպված լինելով ԱԺ ամբիոնից հանդես գալ անհեթեթ արդարացումներով, մոռանալով թերևս նշել սակայն, որ այս ամբողջ նախաձեռնությունը ծնվել է ոչ թե գիտական քննարկումների և լուրջ մասնագիտական վերլուծությունների արդյունքում, այլ ընդամենը մեկ «հիվանդ» ուղեղում առաջացած և ասպարեզ նետված արկածախնդիր գաղափարի հետևանքով:

 

Մեր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը առաջին օրվանից սկզբունքային դիրքորոշում է ստանձնել այս հարցում և հետևողականորեն պայքարել է ներկայացված նախագծի դեմ, մոբիլիզացնելով մեր աջակիցներին և համախոհներին: Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սկզբունքային մոտեցում դրսևորեցին՝ պաշտպանելու մեր պատմությունը և ինքնությունը այս արկածախնդիր հարձակումից, միաժամանակ ցանկանում եմ հույս հայտնել, որ սա լավ առիթ կդառնա մեր քաղաքացիական հասարակության համար՝ հավատալու իր ուժերին, ինքնակազմակերպվելու և սեփական օգտակար և նորարարական նախաձեռնություններով առաջ մղելու մեր երկրի զարգացման օրակարգը: