Վարդենիսցիները մտավախություն ունեն՝ Վարդենիսն էլ կհանձնեն․ ավագանու անդամ
Գեղարքունիքի մարզպետի այցից հետո բնակիչները մի պահ բացել էին ճանապարհը, բայց որևէ պատասխան չստանալով՝ նորից փակել են. ABC media-ի հետ զրույցում այս մասին ասել է Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը։
«Բավականին շատ մարդիկ կան այստեղ։ Նրանք չեն ուզում, որ անձնագրային ու վիզաների բաժինը տեղափոխվի Վարդենիսից։ Պահանջը դա է․ մի՛ տեղափոխեք»,- ասել է Հայրապետյանը։
Ավագանու անդամի խոսքով՝ բնակիչները անհանգիստ են․ լինելով սահմանամերձ գոտում՝ չեն ուզում, որ բնակավայրից հանվեն կարևոր նշանակություն ունեցող գրասենյակները։
«Բնակչության մոտ մտավախություն կա և՛ աշխատատեղերի փակման, և՛ անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ»- նշել է ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ Վարդենիսում կեսօրին մոտ բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով չփակել անձնագրային և վիզաների վարչության տարածքային գրասենյակը։
Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն էլ հայտարարել տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման մասին։
Ի դեպ, այս հարցին ավելի վաղ անդրադարձել էր նաև Փաշինյանը։