27 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
-0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բոլորը գիտեն, եթե մեր հավաքականը գնում է՝ պայքարելու է մեդալի համար

Բոլորը գիտեն, եթե մեր հավաքականը գնում է՝ պայքարելու է մեդալի համար

Շախմատիստ, գրոստմայստեր Գաբրիել Սարգսյանն է ABC ինտերվյուի հյուրը։ Շախմատիստին անհանգստացնում են երկիրը լքելու այն տրամադրությունները, որոնց վերջերս հաճախ է բախվում։ Նրա կարծիքով ամեն հայի գնալու հետ Հայաստանը ավելի է թուլանում։ Գրոսմայստերի կարծիքով ոչ մի տեղ էլ Հայաստանից լավ չէ, ամեն տեղ էլ խնդիրներ կան, ավելի լավ է մնալ և լուծել հայրենիքում առկա պրոբլեմները։ Գաբրիելի հետ խոսել ենք մեր մարզիկների շախմատային հաջողություններից, նաև այն մասին, թե որքան դժվար են դրանք տրվում՝ ինչպիսի աշխատանքով և նյարդերի գերլարումով։

-Ցանկացած մասնագիտությամբ երկար զբաղվելու դեպքում, այն որոշակի ազդեցություն է ունենում մարդու բնավորության վրա, ինչ-որ տեղ նույնիսկ ձևավորում է մարդուն։ Ձեր պարագայո՞ւմ ինչպես է։

Ընդհանուր առմամբ միայն դրական է ազդում, սակայն շախմատը լարված խաղ է, մի քիչ ազդում է նյարդային համակարգի վրա՝ բացասական առումով։

-Իսկ որո՞նք են այն հատկանիշները, որոնք լավ շախմատ խաղալու համար ուղղակի անհրաժեշտ են։

Ես կարծում եմ գլխավորը բնածին տաղանդն է, որովհետև շախմատը մի քիչ սպեցիֆիկ խաղ է։ Շատ խելացի մարդիկ կան, ում մոտ չի ստացվում շախմատ խաղալ։ Բնածին տաղանդին հաջորդում է աշխատասիրությունը։ Քանի որ շախմատը սպորտ է, պետք է ունենալ նաև ուժեղ բնավորություն, եթե թույլ բնավորությամբ երեխա եղավ, չի կարողանա լավ շախմատիստ դառնալ։ Շախմատը խաղ է, պարտություններ շատ է լինում, պետք է կարողանալ պարտությունը ավելի հեշտ տանել։ Դա շախմատիստների մոտ իրականում հեշտ չի, բայց փորձում ենք այդ հարցը լուծել։

-Իսկ Ձեզ հայտնի՞ են դեպքեր, երբ մի քանի պարտությունից հետո, շախմատիստը դադարել է խաղալ։

Նման դեպքեր շատ են եղել։ Պրոֆեսիոնալ շախմատիստների հիմնական վախերից մեկը հենց դա է՝ պարտության վախը։ Կարծում եմ Ֆիշերը դրա համար դադարեց խաղալ․ վախենում էր պարտվել՝ չնայած շատ ուժեղ էր և տաղանդավոր։ Շախմատիստներ կան, որ որոշակի տարիքից դադարում են խաղալ, քանի որ սթրեսը շատ է։ Ինձ համար էլ է դժվար, ես էլ չեմ սիրում պարտվել։ Իրականում իմ ոճը այնպիսին է, որ քիչ եմ պարտվում։ Այսքան տարի է խաղում եմ, բայց դժվար եմ վերականգնվում պարտությունից հետո։ Երբ 2 հոգով են խաղում, դա անձամբ քո եսին է կպնում։ Թիմային՝ ֆուտբոլ, կամ որևէ այլ խաղերում, դա այդքան ընդգծված չի և շատ չի զգացվում։ Երբ 2 հոգով ես, չես կարողանում համակերպվել, որ այդ 2 հոգու պայքարում դու պարտվեցիր։

-Իսկ այն, սպասումները, ակնկալիքները, սերը որ ստանում եք շախմատասերներից, երբեմն պարտադրող չի։ Հոգեբանորեն դա չի՞ ճնշում։

Մի կողմից դա հավաքականի անդամների համար լավ է, մյուս կողմից էլ որոշակի ճնշում կա։ Մենք վերջերս Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղը գրավեցինք։ Շատ ուժեղ մրցաշար էր՝ երրորդ տեղ գրավելը կարծում եմ լավ արդյունք է։ Շատերը կերազեին 3-րդ տեղ գրավել, բայց մեզ մոտ այնպիսի տպավորություն էր, որ շատերը դա համարում էին անգամ անհաջողություն։ Ես կարծում եմ ցանկացած մեդալ շատ կարևոր է։ Քանի որ թիմում եմ, գիտեմ որքան դժվար է այդ ամենը տրվում։ Մի կողմից ես հասկանում եմ, որ մարդկանց մոտ սպասելիքները շատ են, մյուս կողմից էլ մարդիկ չեն գիտակցում որքան դժվար է շախմատիստների համար։ Օլիպիական չեմպիոն դառնալը չափազանց դժվար է, և սխալ է մտածել, եթե օլիմպիական չեմպիոն ես դարձել, Եվրոպայի 3 տեղն արդեն անհաջողություն է։

-Այդ վերաբերմունքը երբեմն թևաթափ չի՞ անում։

Ես 24 տարի հավաքականի կազմում եմ, և այդ ամենին արդեն փիլիսոփայորեն եմ վերաբերվում։ Սպորտը այդպիսիս բան է, երբ վերևում ես, քեզ սիրում են, երբ արդեն հաջողություններ չես ունենում՝ սկսում են քննադատել։ Դա հիմնականում երիտասարդ շախմատիստների համար է կարևոր։ Եվրոպայի առաջնության 3-րդ տեղից շատ էին ոգևորվել, և ճիշտ չի, երբ մարդիկ դա մեծ հաջողություն չեն համարում։

-Հայաստանն իսկապե՞ս շախմատային երկիր է, թե՞ միայն Հայաստանում են այդպես կարծում։

Չէ, միանշանակ։ Մեզ համարում են շատ ուժեղ շախմատային երկիր, մեր հավաքականն են շատ ուժեղ համարում։ Հիմա մենք այդքան ուժեղ հավաքական չունենք, եթե խաղացողներով վերցնենք, բայց միևնույն է, մեզ համարում են ֆավորիտներից մեկը, և՛ բուքմեյքերները և՛ ուժեղագույն շախմատիստները՝ որոնք իրենց յութուբյան ալիքները ունեն։ Բոլորն էլ հաղթողների շարքում մեզ էլ էին նշել։ Սպորտում դա կոչվում է հաղթողի հոգեբանություն, և մեզ մոտ դա կա։ Բոլորը գիտեն, եթե մեր հավաքականը գնում է՝ պայքարելու է մեդալի համար և նշանակություն չունի, թե ովքեր են խաղում, ես կլինեմ՝ չեմ լինի։ Ես վստահ եմ, եթե ես չգնամ, նոր թիմ գնա՝ նոր կազմով, էլի պայքարելու է մեդալի համար։

-Երկրներ կան, որոնք ունեն շատ ավելի մեծ հնարավորություններ, քան Հայաստանը, բայց չունեն նման հաջողություներ։ Դա ինչի հետ է կապված, մտածելակերպի, ավանդույթների։

Դա մի քանի պատճառ ունի։ Հիմա շախմատը մի տեսակ դարձել է երկրի սոցիալական վիճակի հայելի։ Շախմատում գումարները շատ մեծ չեն, և հարուստ երկրում ծնողին ձեռնտու չի, որ իր երեխան զբաղվի շախմատով։ Ամերիկայում, լավ համալսարան ավարտելուց հետո, կարող է մի քանի անգամ ավելի շատ գումար վաստակել, քան եթե լինի նույնիսկ թոփ շախմատիստների 100 յակի մեջ, 10-ի չէ՝ 10-ը շատ մեծ գումարներ է։ Հիմա, փաստորեն, շախմատը այն երկրներում է զարգանում, որտեղ հնարավորությունները շատ փոքր են՝ Հնդկաստանում օրինակ։ Իսկ շախմատ խաղալով ամեն դեպքում նման երկրներում ավելի լավ կվաստակի։ Նույն էլ Հայաստանի դեպքում։ Եթե դու թոփ 100-ում ես, ավելի շատ ես վաստակում, քան եթե որևէ ինստիտուտ ավարտես և շարունակես մասնագիտական ուղղությամբ։

-Որքան գիտեմ դուք ծագումով Արցախից եք։ Հավատո՞ւմ եք, որ մենք դեռ կտեսնենք Արցախը հայկական։

Իհարկե․․․Մենք հիմա շատ խառը ժամանակներում ենք ապրում, և ոչ-ոք չի կարող ասել, թե զարգացումներն ինչպես կգնան։ Օրինակ, եթե մենք 1850 թ․, երբ շատ երկար ժամանակ անկախություն չունեինք, հարցնեինք հայերին, հավատում են, որ մի օր անկախ պետություն կունենան․ շատերը չէին հավատա, քանի որ այդ ամենը վաղուց չէր եղել և մարդիկ չէին էլ պատկերացնում դա ինչ է։ Հիմա ոչ մեկ չի կարող ասել, թե մի քանի օրից, մի քանի ամսից ինչ կլինի, զարգացումները ինչպիսին կլինեն։ Մենք գուցե և ինչ-որ տեղ մեր խելքից տուժեցինք, բայց պետք չէ հրաժարվել հայկական հողերից և առաջին հնարավորության դեպքում պետք է պայքարել Արցախի, նաև Նախիջևանի համար։

-Իսկ մարդկանց մոտ պայքարելու տրամադրվածություն տեսնո՞ւմ եք։

Հիմա մենք կոտրված ենք․․․Երբ դու քո ազգին ասում ես ուժ չկա, ինքը չի կարող գնալ և պարզապես կոտորվել։ Հիմա ժողովուրդն այնպիսի ընկճված վիճակում է, որ ինքն իրենով չի կարող պայքարել՝ պետությունը պետք է առաջնորդի։

-Իսկ Ձեզ մոտ երբևէ միտք եղե՞լ է թողնել Հայաստանը։ Հիմա շատերն են գնում, պատճառաբանելով, որ հեռանկարներն անորոշ են, չգիտեն պատերազմ կլինի, թե ոչ։

Ես մտածում եմ՝ դա մեր ազգի մեծ խնդիրներից մեկն է։ Գուցե դա այն պատճառով է, որ մենք պետականություն չենք ունեցել և դեռ չենք հասկանում դա ինչ է։ Առաջ օրինակ մարդիկ ապրել են Ցարական Ռուսաստանի կամ Պարսկաստանի կազմի մեջ, և ապրել են ընտանիքի, ցեղի, գյուղի մտածելակերպով։ Չեն ընկալել, թե պետությունն ինչ է։ Դու ծնվել ես այստեղ և այստեղ պետք է ապրես։ Ամեն մարդ երբ գնում է պետությունը թուլանում է։ Որքան գնանք Հայաստանից, այնքան մեր երկիրը կթուլանա։ Մարդիկ դեռ չեն հասկանում՝ այդ 30 տարին քիչ է հասկանալու համար։ Ցանկացած միջոցառման գլխավոր թեման դա է՝ ինչպես վիզա ստանան գնան։ Պատրաստ են ամեն ինչ կորցնել՝ միայն վիզա ստանան, գնան։ Բայց չես հասկանում ուր են գնում, իրենք էլ չգիտեն ուր են գնում։ Ես Եվրոպայում շատ եմ եղել, շատ փոքր տեղեր էլ եմ եղել, միանշանակ կարող եմ ասել, որ այնտեղ լավ չի հայերի վիճակը, բայց գնում են, բոլորը գնում են, թե ինչի՞ են գնում՝ չես հասկանում։

-Նույնիսկ գնում, տեսնում են, որ լավ չի՝ էլի մնում են՝ դա է զարմանալին։ Մնում են՝ պատճառաբանելով, որ երեխաների ապագան այնտեղ են տեսնում։

Իսկ ի՞նչ են անում երեխաների ապագայի համար։ Լավ հասկացանք ասենք գնում են, բայց այնտեղ կրթություն չեն ստանում։ Հրեաների մոտ հստակ է՝ իրենք մեծ մասամբ կրթություն են ստանում։ Եթե մենք նայենք, աշխարհի լավագույն ինստիտուտներում շատ մեծ տոկոս են կազմում հրեաները, եկեք տեսնենք հայերը քանի տոկոս են կազմում՝ շատ փոքր տոկոս։ Գնում են, չեն մտածում այդ երկրում կրթություն ստանալու մասին, որ հետագայում կարողանան ուժեղանալ, և իրենց հարցերը լուծել, ինչպես հրեաներն են անում։ Գնում են սկսում են տաքսի քշել, փորձում են փոքր խարդախություններով գումար աշխատել։ Միգուցե ժամանակ է պետք, որ հասկանան, որ դրանով հեռու չես գնա․․․Եթե  գնում ես, գոնե կրթություն ստացիր, գոնե այդ երկրի առավելությունները օգտագործիր և նորմալ տեղ աշխատանքի անցիր։

-Մի անգամ Գարի Կասպարովը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ հիմա ինքը շախմատ չէր խաղա, որովհետև շախմատը հիմա այլ է։ Ի՞նչ նկատի ուներ։

Ես Կասպարովի հարցազրույցներին երբեմն լուրջ չեմ վերաբերվում․ խոսում է էլի․․․

-Ասում էր հիմա այլ կերպ են խաղում, ավելի արագ են մտածում։ Նկատի ուներ, որ ավելի լավ են խաղում , քան իր ժամանակ։

Երևի նկատի ուներ, որ կոմպյուտերների ազդեցությունը հիմա ավելի շատ է։ Իրականում ինքն այդ առումով մի քիչ անկեղծ չի, քանի որ, երբ ինքը սկսել է կոմպյուտերով զբաղվել, ոչ-ոք չգիտեր դա ինչ է։ Ինքը շատ մեծ առավելություն ուներ մյուսների նկատմամբ: Միգուցե հիմա ինքը չխաղա, որովհետև այդ առավելություններն այլևս չունի։ Հիմա իրականում շատ հավասար ենք բոլորս։ Այն ժամանակ երբ Կասպարովն էր ուժեղ՝ 90 ականներին, թոփ խաղացողների առավելությունը ահռելի էր։ Իրենք կոմպյուտերով պատրաստվում էին, ֆինանսական հնարավորություններ ունեին՝ մյուսները չունեին։ Կասպարովը շատ-շատ պարտիաներ է հաղթել, և իհարկե ինքը հանճարեղ շախմատիստ է՝ միգուցե բոլոր ժամանակների լավագույն շախմատիստը, և իրենց առավելությունն այն ժամանակ շատ մեծ էր։ Հիմա իրականում պայմանները բոլորի համար հավասար են։

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը