20 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 19-ին, Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովի զոհերի ցուցակը չէր սահմանափակվի միայն Մարգարյանով, եթե հաջողվեր մտնել մյուս սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ։
2004 թվականին, երբ հայկական պատվիրակությունը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացին, չէր էլ պատկերացնում, որ իրենցից յուրաքանչյուրի կյանքը վտանգի տակ է։
Հունգարիայում տեղի ունեցած դատավարության ընթացքում Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չէր զղջացել, այլև խոստովանել էր, որ Գուրգեն Մարգարյանին սպանել է միայն նրա հայ լինելու պատճառով։ Բժշկական փորձաքննությամբ՝ Սաֆարովը մեղսունակ էր ճանաչվել։ Հունգարիայում նրան դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարին առանց համաներման իրավունքի, սակայն 2012 թվականին օգոստոսին Հունգարիան Սաֆարովին վերադարձրեց Ադրբեջան՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար։ Նույն օրն էլ Ադրբեջանում Սաֆարովին ոչ միայն ներում, այլև ազգային հերոսի կոչում շնորհեցին։ Նրան բնակարան նվիրեցին, կոչումը բարձրացվեց մինչև մայոր՝ ու ստացավ այն 8 տարիների աշխատավարձը, որոնք անազատության մեջ էր անցկացրել։ Այս որոշումն, իհարկե, հանգեցրեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը։ Այդ հարաբերությունները վերականգնվեցին 2022 թվականին, երբ Հայաստանն ու Հունգարիան դարձյալ դեսպաններ նշանակեցին:
Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում ապրող Քութի Բալաշը պատմել էր, որ երեկոյան Սաֆարովը թեյել է, գնացել է քնելու, իսկ Գուրգենը շարունակել է պարապել։ Ապա 21։30-ի սահմաններում գնացել է մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ։ Հունգարացին նշել է, որ չի զգացել, թե երբ է Գուրգեն Մարգարյանը սենյակ վերադարձել։ Միայն առավոտյան է զգացել, որ ինչ-որ մեկը վառել է լույսը։ Մտածել է՝ Գուրգենն է, բայց հետո ձայներ է լսել, շրջվել է ու տեսել Սաֆարովին՝ մեծ կացինը ձեռքին կանգնած հայ սպայի անկողնու մոտ։
«Այդ ժամանակ ես հասկացա՝ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Չորս բոլորն արյուն էր։ Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը։ Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի։ Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես կարևոր գործ էր վերջացրել։ Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» – պատմել է հունգարացին։
Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնացել է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։ Միջանցքում հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային: Ադրբեջանցին առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց չի հաջողվել։
Մարդասպանը՝ կացինը ձեռքին, մոտեցել է մյուս սպայի սենյակին, սակայն դուռը փակ է եղել։ Չկարողանալով կոտրել այն՝ սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը։ Հայ սպան մոտեցել է դռանն ու փորձել բացել, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, որը երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը։
Հայ սպային կացնի 16 հարվածով սպանած Ռամիլ Սաֆարովն այսօր շարունակում է ազատության մեջ մնալ։
Հայաստանը միջազգային մի շարք կառույցներում փորձել է հասնել արդարության՝ ցույց տալով, որ Սաֆարովի կողմից սպանությունը Ադրբեջանի քաղաքականությունն է, սակայն Եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանությունը և Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով Հունգարական դատավճռի այն հետևություն վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով: Եվրոպական դատարանը նաև պատասխանատվությունից ազատեց Հունգարիային: