Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը․ ԱՀ Աժ
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ: Տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Արցախի Հանրապետության հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը, սեփական հազարամյա բնօրրանում անվտանգ և ապահով ապրելու բնական պահանջը, որն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով:
Քննարկվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային հիմնավոր երաշխիքների ներքո ստեղծելու անվտանգ ու իրավական դրույթներով ամրագրված միջավայր՝ արցախահայության հայրենադարձման և անվտանգ ու ապահով կենսագործունեության իրականացման համար՝ բացառելով ֆիզիկական գոյության ու ինքնության սպառնալիքները: Կարևորվել է այդ ուղղությամբ համահայկական կառույցների և անհատների ջանքերի նպատակաուղղված և թիրախային համադրումը։
Անթույլատրելի է համարվել արցախահյության հայրենադարձման հարցի շահարկման և չարաշահման որևէ դրսևորում: