26 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարտունու համայնքապետը կհանդիպի հարկեր վճարել չցանկացող արտագնա աշխատողների հետ

Մարտունու համայնքապետը կհանդիպի հարկեր վճարել չցանկացող արտագնա աշխատողների հետ

Գեղարքունիքի մարզի բնակիչներն այս պահին ճանապարհ են փակել։ Նրանք բողոքում են օրենքի դեմ, ըստ որի՝ արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։

«Ես այս պահին ցուցարարների կողքին եմ։ Շատ մարդ չի հավաքվել, բայց միջհամայնքային ճանապարհներից մեկը մասամբ փակված է։ Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը գալու է բնակիչների հետ հանդիպման՝ նրանց բողոքները լսելու, հարցերին պատասխաններ տալու համար»,- ABC media-ի հետ զրույցում ասել է Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը։

Ցուցարարներից մեկը ուղիղ եթերում բողոքում էր գործող իշխանության որոշումներից ու նշում․

«2018 թվին Նիկոլին բերիք, որ ժողովրդի գլխին էս օյինը բերի՞։ Էս ի՞նչ վիճակ ա։  Մեր գյուղի 90 տոկոսը խոպանչի ա, հիմա մի քանի հոգու է այդ ծանուցումները եկել, բայց մյուս մասը չգիտի օրենքը։ Այդ ծանուցումներն անակնկալ ձևով են մեզ եկել։ Ասում են՝ եթե 180 օրից ավելի ես մնում Հայաստանում, ուրեմն՝ պետք ա հարկվես։ Մեզանից նաև «շտրաֆ» են ուզում։ Էս խոպանչիները որ չլինեն, էդ աշխատավարձերը որտեղի՞ց են տալիս սրանք»,-նշել է ցուցարարը, որը Վարդաձորի բնակիչ էր։

Հիշեցնենք, որ 2024 թվականին ՊԵԿ-ը ծանուցումներ է ուղարկել արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին՝ ՀՀ-ում ևս հարկվելու մասին։

Օրեր առաջ՝ փետրվարի 16-ին էլ պարզաբանում են տարածել, ըստ որի, զերծ են մնացել կոշտ վարչարարությունից, երբ 2020-ին ուժի մեջ մտած կարգի մասին միայն երեք տարի անց են ծանուցել։ Բայց նաև ընդգծել են, պատրաստ են քննարկումներ սկսել՝ վարչարարությունն ավելի մեղմացնելու համար։