29 Նոյ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքը գոհացնող չէ․ Սեյրան Օհանյան

Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքը գոհացնող չէ․ Սեյրան Օհանյան

Ընդհանրապես, ՀայաստանԱդրբեջան ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները․ այս մասին ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարո՞ղ է արդյունավետ լինել, ասել է ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մեր փորձից նշեմ, որ բանակցային գործընթացի ձախողումը հանգեցրել է պատերազմի և այստեղից պարզ է դառնում, որ մեզ համար ցանկացած շփում կարևոր է։ Երկու կողմերի հայտարարություններից հասկանում ենք, որ նրանք հերթապահ արարողակարգային խոսքերով են շարունակել բանակցությունները, որովհետև պարզ չէ, թե որոնք են այդ հարցի սկզբունքները և հերթականությունը։ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից անընդհատ պնդում են, թե միջնորդ պետք չէ՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, մյուս կողմից էլ շատ խորամանկ կերպով օգտագործում են թե՛ արևմտյան, թե՛ հետխորհրդային հարթակը, որ իրենց շահերն առաջ տանեն։ Մեր շահերից ելնելով՝ կարծում եմ, որ, իհարկե, արևմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ, բայց որևիցե երկիր այստեղ՝ տեղում, մեզ աջակցելու այնքան մեծ հնարավորություններ չունի՝ բացի դիտորդական առաքելությունից: Այս բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելը, գտնում եմ, որ այնքան էլ հուսադրող չէ»,- նշել է Օհանյանը։

Նա նշել է, որ վերջերս Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքից գոհ չէ:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-29-ին Բեռլինում կայացել էր Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո կողմերը հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ պայմանավորվել են շարունակել բաց հարցերի քննարկումները։