26 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք երբեք այսքան անարժանապատիվ չենք ապրել, մենք երբեք առանց Արցախ չենք ապրել․․․

Մենք երբեք այսքան անարժանապատիվ չենք ապրել, մենք երբեք առանց Արցախ չենք ապրել․․․

ABC Ինտերվյուի հյուրը երգչուհի Շուշան Պետրոսյանն է։ Խոսել ենք երգչուհու ծնողներից, մանկությունից, որը լի է եղել ընտանեկան ավանդույթներով ու արվեստով՝ մասնավորապես երաժշտությամբ ու գրականությամբ: Այդ ամենն էլ ձևավորել են Շուշանին և՛ որպես մարդ, և՛ որպես երգիչ։ Երգչուհին մտահոգ է այն զարգացումներով, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ, բայց նաև վստահ է, որ մենք դեռ կտեսնենք Արցախը հայկական, որ դեռ ունենք պայքարելու ներուժ և կամք։

-Շուշան ո՞րն է այն մշակութային հենքը, որի վրա Դուք ձևավորվել եք։

-Մայրս միացնում էր Բախ, Հենդել և մենք պետք է քնեինք այդ երաժշտության տակ։ Ասում եմ պետք է, բայց Բախի և Հենդելի տակ քնելը մեր պարագայում օրինաչափ էր, իսկ Գունոյի «Ֆաուստի» վերջին գործողության տակ ես նույնիսկ պարում էի․․․ Ընդ որում՝ այդ ամենին ներկա էին մարդիկ, որոնք հայ մշակույթի սյուներն էին։ Լևոն Ներսիսյանի համար գիտե՞ք ինչքան եմ պարել, նաև Արա Շիրազի, Ռոբերտ Էլիբեկյանի, Շահմուրադյան Վարոսի․․․ Հիմա բոլորը լուսահոգի են։ Ընկերներով հատուկ ծեսեր ունեին։ Գալիս էին մեր տուն, պապան շատ լավ խաշլամա էր պատրաստում, հետո խաշ էին դնում, բայց այդ ամենն ուղղակի իրենց հնարավորություն էր տալիս իրար գլխի հավաքվել։

Մեր տանը դասական երաժշտություն էր հնչում, նաև Ազնավուր․․․ Ողջ իմ գիտակից կյանքում ես Ազնավուր եմ լսել․ հայրս ուներ վինիլե ձայնապնակների բացառիկ հավաքածու, ասեմ ավելին՝ պապիկս և Ազնավուրի հայրը եղել են նաև մարտական ընկերներ, Ֆրանսիայում Դիմադրության շարժման մասնակիցներ։ Պապիկս Ֆրանսիայի ազգային հերոս է՝ լեգեոներ։

-Ձեր հայրիկը երևի ենթադրում էր, որ նկարիչ եք դառնալու։

-Շատ լավն էր իրենց վեճը՝ երգչուհի մամայի, նկարիչ պապայի։ Երկուսն էլ գաղտնի երազում էին, որ ես իրենց ուղին ընտրեմ, բայց երբեք չէին ստիպում։ Իրենք ինձ միայն հնարավորինս շատ ինֆորմացիա էին տալիս և հորդորում կարդալ, կարդալ, կարդալ․․․ Օրինակ՝ Տիգրան քեռիս անընդհատ հետաքրքրվում էր․ «Ջանիկս ի՞նչ ես կարդում հիմա»։ Օրինակ՝ Ֆոլքներ առաջին անգամ, կարդացի քեռուս խորհրդով, երբ 16 տարեկան էի։ Ինքը միշտ ստուգում էր, թե ես ու քույրս ինչ էինք կարդում։

-Շուշան կարդացել եմ, որ ծագումով Էրզրումից ու Մարաշից եք։

-Հայրիկիս հայրը՝ Բարդուղը Պետրոսյան, Էրզրումից էր, իսկ մայրը՝ Արցախ, Սյունիք՝ մի խոսքով Լեռնահայաստանից։ Մայրական կողմից տատիկս՝ Մարաշ, պապիկս՝ Տիգրանակերտ։ Ես ծնվել եմ Երևանում՝ իմ մեջ կրելով բոլորի ակունքները և պահպանելով իրենց թողած ավանդույթները։

-Այսօրվա Հայաստանը Ձեզ համար գույն ունի՞։

Հայաստանն ինձ համար միշտ գույն ունի, ինձ համար գույն չունի այսօրվա հայը․․․ Պատերազմից հետո Նիկոլ ընտրած հայը չի կարող ինձ համար գույն ունենալ։ Լավ, մինչև այդ ընտրեցիր, որովհետև բողոքական ես, ծույլ ես, բայց ուզում ես մանանաներ թափվեն, քեզ էլ այդ մանանաները խոստացել են։ Չար ես, որովհետև այն ժողովրդի ներկայացուցիչն ես, որ անեկդոտ ունի, որն ինձ համար խայտառակություն է․ «Իբր գործերս լավ էին, հարևանս էլ մեքենա առավ»։ Ինձ համար սա տխուր անեկդոտ է։ Չար ես, ագահ ես․ փոխանակ մի քիչ կրթվես, կողքինի գրպանին ես նայում։ Չես մտածում, որ այդ գրպան, որ լցվել է, երևի գրպանի տիրոջ ուղեղի շնորհիվ է։ Երևի լավ է աշխատում է, երևի մասնագետ է։

-Մի դասախոս ունեի, ասում էր լավը քիչ է, բայց ծանրակշիռ է։ Ինչո՞ւ հիմա այդ ծանրակշիռ լավը չի կարողանում իրավիճակ փոխել։

-Որովհետև այդ ծանրակշիռ հայը նաև մարդ է, որովհետև այդ ծանրակշիռ մարդը՝ վերջին շրջանի հայը, ով որպես անձ ձևավորվել է հաղթանակների, անկախության մեջ, շատ դժվար է համակերպվում մեր պատմության այս անարժանապատիվ Էտապի հետ։ Մենք երբեք այսքան անարժանապատիվ չենք ապրել, մենք երբեք առանց Արցախ չենք ապրել։ Մեզանից դեռ պահանջում են այդ ամենի հետ համակերպվել։ Նույնիսկ ամենապատվախնդիր հայերը՝ լիքը այդպիսի ընկերներ ունեմ ֆեյսբուքում, կառչում են այդ միտումնավոր ասպարեզ նետված թեմաներից, չգիտակցելով, որ դա արվում է հիմնական խնդիրներից շեղելու համար։ Ախր թիրախը մեկն է, և իր թիմը, դրանց վրա պետք է կենտրոնանալ։

-Շուշան Ձեր կարծիքով պահի լրջությունը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում գիտակցո՞ւմ են։

-Սփյուռքից հիմնականում լավ խորհուրդներ են տալիս։ 2018 թվին էլ լավ քարկոծում էին։ Մարդիկ, ովքեր դեռ 80 ականներին են գնացել Հայաստանից և նույնիսկ հայերեն գրագետ գրել չգիտեն՝ ուր մնաց հայեցի մտածեն, խորհուրդ էին տալիս, հայհոյում էին անիծում էին, ծաղրում էին։ Եվ դա արվում էր Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից՝ հիմնականում այդ երկրներից։

Կոմֆորտի զոնայում ապրողները չեն գիտակցում, իհարկե, պահի լրջությունը։ Մարդիկ կան, որոնց համար ոչինչ չի փոխվել, որովհետև հեշտ բանակափոխ են լինում։ Եվ ինձ համար գրոշ է արժեքն այն մարդկանց, ովքեր սրճարաններում նստած բողոքում են սրանցից, թե վայ սա կյանք չէ, սա անտանելի է, վայ սրանք ովքեր են։ Այդ արտահայտություններն արվում են հիմնականում մտահոգ հայի դեմքով։ Հենց դուրս են գալիս, տեսնում ես, թե ինչպես են ժպտում այսինչին,  այնինչին, ուրախանում, որ իրենց նկատել են։ Քծնողների, գործ տվողների ժողովուրդ ենք դարձել, այս ի՞նչ ենք դարձել։

-Ինչպե՞ս ստացվեց, որ մարդիկ կորցրին զգոնությունը, և սկսեցին կուրորեն գնալ մի ճանապարհով, որը տանում է դեպի հայրենազրկում։

-Այդ տղան վիրտուոզ է․․․ Այդ անհայրենիքը, հաշվարկեց ճահիճում ապրողների մենթալիտետը, ուղեղի մասին է խոսքը, ես երբեք կաստաների չեմ բաժանում մարդկանց։ Նա կարողացավ միտինգների ժամանակ համոզել, որ իրենք բոլորը վարչապետացուներ են, հիշու՞մ եք, նայիվներն էլ հավատացին։ Կանայք, ովքեր վիրտուոզ արդյունքների էին հասել խոհանոցում և միմիայն, պատերազմների ժամանակ խորհուրդներ էին տալիս․․․ Ես քառօրյայի ժամանակ այդ կանանց ստրատեգիական բոլոր ձեռքբերումները կարդացել եմ ֆեյսբուքում։ Առաջնագծից գալիս էի, ու իրենք ինձ կյանք էին սովորեցնում․․․

Շատ արժանապատիվ ծնողներ կան, բայց ծնողներ էլ կան, որ 44-օրյայից հետո կանգնել են դրանց կողքին։ Ո՞նց չեք գիտակցում, ո՞նց եք կանգնում դրանց կողքին, ձեր զավակներին սպանողների կողքին, ախր ո՞նց։ Ձեր զավակներին դավաճանածներին, մեջքից խփածների կողքին ո՞նց եք կանգնում։ Այդ փողերն ավելի կարևոր են, քան ձեր երեխեքի լույս կյանքե՞րը։ Շատ եմ շփվում մեր արծիվների, այդ երեխեքի արժանապատիվ մամաների հետ, ովքեր բարի լույսը սկսում են այդ երեխեքի․․․ Մենք անուններ չգիտենք․ մենք մինչև հիմա Ջերմուկի երեխեքի անունները չգիտենք, Իշխանասարի երեխեքի անունները չգիտենք, մենք 22 թվի երեխեքի անունները չգիտենք․․․

-Սովորաբար վերլուծաբանները համադրում են ինչ-ինչ գործողություններ և հասկանում, որ փոփոխություններ են լինելու, բայց կանայք նաև զգում են։ Դուք հիմա ի՞նչ եք զգում։

-Նախ ես չեմ պատկերացնում, որ Արցախը այդպես պետք է մնա՝ գերության մեջ։ Ես անընդհատ տեսնում եմ Արցախը, ես տեսնում եմ այն օրը, երբ մենք պետք է գնանք այնտեղ։ Մենք այդ ամենը տեսնելու ենք հենց մեր կյանքի օրոք։ Ասում են՝ մի 60, 40, 80 տարի հետո, ոչ այդպիսի բան չկա։ Ուզում ես հաղթել, պատրաստ եղիր պատերազմի։ Միշտ․․․ Ուզում ես այդ հաղթանակը երկար ձգվի՝ առավել ևս միշտ պատրաստ եղիր պատերազմի։ Դավաճաններից է պետք ազատվել․․․ Այս պատերազմում՝ 44-օրյա, հերոսական մարտական գործողություններ են եղել։ Բոլոր այն տեղերում, կետերում, որ հրամանատարը հայրենասեր տղա է եղել, կամ իր ձեռքն է վերցրել մարտական գործողությունների ստրատեգիական հերթականությունը, ոչ միայն պահել են դիրքը, այլ առաջ են գնացել։ Հայ զինվորը իմ սերն է, Հայոց բանակը իմ հպարտությունն է․ ինքը չի պարտվել, իրեն դավաճանել են, մեջքից խփել են․․․

-Իսկ պայքարը շարունակելու ներուժ այսօր ունե՞նք։

-Իհարկե ունենք։ Լիդերներին, մարտական այդ բոլոր հնարքները հաղթահարած, հերոսական լավ գործողություններ արած տղերքին, փակել է սա հիմա։ Շատ շատերին ես անձամբ եմ ճանաչում՝ Արցախում աշխատելու տարիներից եմ ճանաչում։ Փակել է այդ տղերքին, որովհետև վախ կա իր մեջ, որ նրանք կարող են իրենց շուրջը ժողովել հայրենասեր տղերքին, իսկ այդպիսիք շատ կան, փառք Աստծո։  Արդյունքում կարող է հանկարծ դիմադրություն լինի իր նողկալի քաղաքականության դեմ։

Բիոմասսայի մեջ մի միտք է պտտվում, որն ինձ ուղղակի սպանում է։ Սեպտեմբերի 19-ից հետո սկսեցին արցախցիներին քարկոծել, թե բա չէի՞ք կարողանում պահել, բա պահեիք ձեր հողը։ Անասուննե՛ր, պահել են այդ հողը, հասկանում եք, որ պահել են։ Կռիվ են տվել՝ առանց Հայոց բանակի օգնության, ՊԲ-ի տղերքով պահել են։ Հայը ո՞նց կարող է հային այդպես վերաբերվել։ Պահել են է այդ հողը, ինչ մարտեր են է եղել, գիտե՞ք գոնե․․․

 

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը