10 մլն դրամով այսօր ինչպե՞ս բնակարան գնեմ, գները շատ բարձր են․ քաշաթաղցիները ակցիա են կազմակերպել
Այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Արցախի Հանրապետության Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների բնակիչներն ու պահանջում էին ուշադրություն դարձնել նաև իրենց խնդիրներին։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կառավարության տված 10 մլն դրամ սերտիֆիկատները տեղահանված բնակիչները չեն կարողանում իրացնել։
«Մեր խնդիրները շատ են՝ սկսած ԱՀ տրամադրած մուրհակներից, վերջացրած երեխաների նպաստով ու զոհված զինծառայողների ժառանգներին տրամադրված սերտիֆիկատների սառեցմամբ։ Մենք մտածում էինք՝ կլսեն մեզ, եթե համաձայն չլինեն, հակափաստարկներ կներկայացնեն, բայց նրանք անգամ մեզ լսել չեն ուզում»,- ABC media-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը։
Չոմոյանի խոսքով՝ մի քանի անգամ նամակներ են գրել՝ ստանալով տարբեր պատասխաններ։
«Հիմնականում ուղղորդում են դեպի Արցախի Կառավարություն, բայց մենք հո՛ գիտենք, որ այդ գումաները Հայաստանի Կառավարությունն է տալիս», -ասաց նա։
Քաշաթաղի բնակիչ Անդրանիկ Հակոբյանը, որ ցույցի մասնակից էր, Կառավարության տված սերտիֆիկատներով չի կարողանում բնակարան ձեռք բերել, քանի որ շուկայական գները շատ բարձր են։
«Այդ 10 մլն դրամով ինչպե՞ս բնակարան ձեռք բերենք, չի ստացվում, քիչ է գումարը։ Բացի այդ՝ կորցրած գույքի, այգիների փոխհատուցման մասին ընդհանրապես չեն խոսում։ Մարդիկ ժամանակին բավական մեծ ծախսեր են արել, բայց մինչև հիմա ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Չնայած մի քանի անգամ չափագրումներ են արել, տեղեկություններ ճշտել, բայց, միևնույնն է,արդյունք չի տվել»,- ասում է նա։
Ցուցարարները մի քանի անգամ փորձել են պաշտոնատար անձնանց հետ հանդիպել, ինչին ուշադրություն, հստակ մոտեցում ու վերաբերմունք չի ցուցաբերվել։
Հիշեցնենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղից և Քարվաճառից տեղահանված արցախցիներին 10 մլն դրամի չափով սերտիֆիկատներ են տրվել, որով նրանք պետք է բնակարաններ ձեռք բերեին Երևանում և Հայաստանի մարզերում։
Այդ սերտիֆիկատների ժամկետը լրանում է, բայց մոտ 1700 բնակիչ մինչ օրս չի կարողացել բնակարան գնել․ կամ բանկերը չեն ֆինանսավորում, կամ գտած բնակարանը պատշաճ չեն գնահատում։