Կրեմլը՝ Պուտինի Թուրքիա այցի նախապատրաստման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա վաղուց է նախապատրաստվում, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետությունների ղեկավարների ուշադրության կարիքն ունեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այցը վաղուց է նախապատրաստվում: Մենք նույնպես անհամբեր սպասում ենք այս այցին, սա կարևոր է: Մենք անհամբեր սպասում ենք այդ շփումներին՝ ռուս-թուրքական հարաբերությունների ամենաբարձր մակարդակով: Շատ արդիական թեմաներ կան, առաջին հերթին՝ մեր երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական հարաբերությունները, շատ հարցեր պետք է ուշադրություն դարձնեն պետությունների ղեկավարները»,- ասել է Պեսկովը։
Թուրքիա մեկնելու հստակ ժամկետներ դեռ չկան, ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ընտրություններից հետո ակնկալում է Վլադիմիր Պուտինի այցը։ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են մարտի 31-ին։ ՌԴ նախագահական ընտրությունները կկայանան մարտի 15-17-ին։