Բուհերի միավորման ծրագիրը հաստատված է և փոփոխություն չի նախատեսվում․ ԿԳՄՍ նախարարը՝ Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու հարցի շուրջ բարձրացված աղմուկն ինձ ուրախացնում է․ լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Երեկ չէ առաջին օրը կոնսերվատորիայի տեղափոխման հարցի շուրջ կայացել է առաջին քննարկումը։ Նշեմ՝ սա բարդ գործընթաց է, շատ բարդ է։ Պարզ է, որ շատ բան պետք է հաշվի առնվի»,- նշել է Անդրեասյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք հնարավոր է քննարկումներից հետո կոնսերվատորիայի տեղափոխման հարցը դուրս գա, Անդրեասյանը պատասխանել է․ «Բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մեկ հովանոցի տակ գործելու ծրագիրը օրենք է։ Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատված է Ազգային ժողովի կողմից։ Այնտեղ հստակ նշված է՝ պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենանք»,- նշել է պաշտոնյան։
Այսինքն՝ այս պահի դրությամբ ծրագիրը հաստատված է և դեռ որևէ փոփոխություն չի նախատեսվում անել։
Ավելի վաղ հաղորդել էինք՝ երեկ կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, արվեստի գործիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ արտահայտելով իրենց դիրքորոշումը կոնսերվատորիան «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու որոշման դեմ։
Հիշեցնենք, որ ԵՊԿ պրոֆեսոր, կիթառահար Նունե Դանիելյանը ABC media-ի հետ զրույցում նշել էր, որ եթե նախարարությունը չփոխի իր որոշումն ու փորձի կոնսերվատորիան այլ տեղ տանել ուսանողների հետ դեմ կկանգնի այդ գործընթացին։
«Ես երբևէ քաղաքականությամբ չեմ զբաղվել, որովհետև արվեստի մարդ եմ, բայց երբ այդ քաղաքականությունը փորձում է քանդել այն միջավայրը, որը տասնամյակներ շարունակ կառուցել ենք, արվեստագետն էլ սկսում է քաղաքականությամբ զբաղվել։ Այդպիսով՝ մենք մեզ են պաշտպանում, մեր մշակույթը»,- ընդգծել է պրոֆեսորը։
Պետք է հստակ հասկանալ՝ իրական հեղափոխությունը մտավորականությունն է անում՝ եզրափակել է Նունե Դանիելյանը։